Շաղիկի 3 «թանկարժեք աշակերտների» շնորհիվ գյուղի դպրոցը վերաբացվել է

Շաղիկ տեղափոխված մեկ ընտանիքի երեխաների շնորհիվ հունվարին վերաբացվել է սահմանային գյուղի դպրոցը։ Երեխաները թեև տարբեր տարիքի են, բայց նույն՝ կոմպլեկտավորված դասարանում են սովորում և միայն մեկ ուսուցիչ ունեն։ Դպրոցը սեպտեմբերից չէր գործում, քանի որ հայ-թուրքական և հայ-վրացական սահմանին գտնվող գյուղում այլևս երեխա ունեցող ընտանիք չէր մնացել։

Ամիրխանյանները չորս ամիս առաջ Տավուշի մարզի Դովեղից են տեղափոխվել Շիրակի մարզի Շաղիկ։ Չորս երեխա ունեցող ծնողները աշխատանքի առաջարկ են ստացել, այստեղ անասուն են պահում։ Երեք երեխաները Շաղիկի հիմնական դպրոցում են սովորում. ավագը, որ տասներորդ դասարանցի է, ամեն օր մի քանի կմ ճանապարհ է կտրում, որ հարևան Գառնառիջի միջնակարգ դպրոց գնա։

Պետական բյուջեից Շաղիկի հիմնական դպրոցին մոտ 8 միլիոն դրամ է հատկացվել: Հարյուրից էլ քիչ բնակիչ ունեցող գյուղում կատակում են, թե Հասմիկը, Էդմոնն ու Սյուզին թանկարժեք աշակերտներ են: Դպրոցի միակ ուսուցիչ Մարգարիտ Բեգինյանը 30 տարի առաջ է Երևանում թողել աշխատանքն ու ընտանիքով տեղափոխվել Շաղիկ: Ինքը դպրոցում աշխատանքի անցավ, ամուսինն էլ տնտեսություն հիմնեց: Ասում է՝ մշտական չէինք եկել, բայց մնացինք: Եթե իր երեք աշակերտների շնորհիվ դպրոցը չվերաբացվեր, ինքն էլ էր հեռանալու Շաղիկից:

«Վերաբացվեց դպրոցը, և սկսեցինք նորից աշխատել: Միգուցե եթե չվերաբացվեր, ես թողնեի, գնայի, որովհետև ես չեմ կարող միայն այս պայմաններում այսպես», - ասում է նա:

Ժամանակին 20 աշակերտ էլ են ունեցել:

Մարգարիտ Բեգինյանը այս տարիներին աշխարհից կտրված, դժվարանցանելի ճանապարհներով այս գյուղի դատարկման ականատեսն է եղել:

«Կամաց-կամաց ընտանիքները տեղափոխվեցին, որը տուն չուներ, որն ինչ-որ մի նպատակով` երեխաները մեծանում էին: Գնացին, լուծարվում է գյուղը կարծես: Անցած տարի մեկ աշակերտ ունեի, մեկ աշակերտով դպրոց էր: Եթե դպրոց չեղավ, գյուղ էլ չկա, ուղղակի բնակավայր կդառնա, եթե դպրոց չեղավ: Այդ երեխայի եղբայրն էլ բուհ ընդունվեց, մայրը ստիպված երեխաներին առավ, գնաց: Գնացին ու մնացին: Քանի ամիս դպրոց չենք ունեցել, մի 20 օր իրենք եկան ընտանիքով», - ասում է ուսուցչուհին:

Տիկին Բեգինյանը դժգոհում է՝ եթե ժամանակին քայլեր ձեռնարկեին, գյուղը չէր դատարկվի. «Պետք է արվեր, ժամանակին եթե արվեր այն, ինչ որ պետք է, միգուցե այս մակարդակին չհասներ: Կային երիտասարդ ընտանիքներ, որ տուն էին ուզում: Չեմ ուզում բողոքական լինել: Կարելի էր աջակցել որոշ հարցերում տեղական ինքնակառավարման մարմինները, հնարավոր էր, եթե տնավորվեին, նրանք էլ արդեն երեխաներ կունենային: Կբարգավաճեր գյուղը: {Սահմանային} վերջին գյուղն է, պետք է աշխատեին, որ այս գյուղն ավելի ակտիվ կյանքով ապրեր, այս մակարդակին չհասներ»:

Վերջին տարիներին դատարկվող գյուղում վերաբնակիչ չէին ունեցել: Ամիրխանյանների ընտանիքը բացառություն է: Երեխաները Դովեղի իրենց ընկերներին կարոտում են:

14-ամյա Հասմիկը դեռ չի որոշել` ինչ է ուզում դառնալ:

10-ամյա Սյուզին երգչուհի է ուզում դառնալ:

12-ամյա Էդմոնն էլ է կողմնորոշվել` զինվորական։

Եթե ընտանիքը որոշի Դովեղ վերադառնալ, ապա Շաղիկի հիմնական դպրոցը կրկին կփակվի։ Գյուղում դպրոցահասակ այլ երեխաներ դեռ չկան։