Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Ջեյմս Քլեվերլիի հետ՝ բրիտանական կողմի նախաձեռնությամբ։
Նրանք, ըստ ԱԳՆ հաղորդման, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերիին: Միրզոյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի, ինչպես նաև՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը:
Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված:
Գերիների վերջին խումբը (8 հոգի) Երևան է վերադարձել փետրվարի սկզբին: Մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին է հանձնել գերեվարված ընդհանուր թվով 149 զինծառայողների և քաղաքացիական անձանց։ Մինչև 8 գերիներին վերադարձնելը Ադրբեջանը հաղորդում էր, որ իր հսկողության տակ 46 գերի կա, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են։ Հայ իրավապաշտպանների տվյալներով սակայն, Բաքվում պահվող հայ գերիների թիվն ավելի մեծ է։
Նախարարները բացի վերոնշյալ հարցերը, խոսել են նաև երկկողմ հարաբերություններից ու միջազգային օրակարգին վերաբերող այլ թեմաներից: