Ռուսաստանի իշխանությունները սկսել են արգելափակել «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության կայքէջը:
Որոշումն ընդունել է «Ռոսկոմնադզորը»՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային գործակալությունը:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հիմնական կայքէջից զատ արգելափակվել են նաև դրա մի շարք այլ շրջանային կայքեր:
Սահմանափակվել է BBC ռադիոկայանի ռուսական ծառայության կայքի, «Դոյչե Վելլե», ինչպես նաև «Մեդուզա» կայքերի մատչելիությունը:
Ըստ ռուսական իշխանության, այդ լրատվական աղբյուրների հաղորդագրությունները պարունակում են զանգվածային անկարգություններին, ապօրինի հանրային ակցիաներին և ծայրահեղական այլ միջոցառումներին մասնակցելու ուղերձներ:
Ռուսաստանում սահմանափակումներ և խոչընդոտներ են նկատվում նաև են Ֆեյսբուք և Թվիթեր սոցիալական ցանցերի աշխատանքում:
Ռուսաստանի իշխանությունները կտրականապես արգելում են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը մամուլում որակել որպես «պատերազմ» և պնդում են, թե անհրաժեշտ է կիրառել «հատուկ գործողություն» եզրույթը:
Արձագանքելով անկախ լրատվության աղբյուրները փակելու Մոսկվայի գործելակերպին՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը հայտարարել է, թե Պուտինը «ռուսներին կերակրում է ուկրաինական պատերազմի իրական ծավալների և գնի մասին ստերով»:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը մերժում է այս կրիտիկական պահին Ռուսաստանի լսարանին տրամադրվող լրատվության բովանդակությունը գրաքննելու պահանջը»,- ասել է նախագահ Ֆլայը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանում կպատժեն պատերազմի մասին «կեղծ» լուրերի համար