«Դոժդ» հեռուստաընկերության ղեկավար Տիխոն Դզյադկոն հեռացել է Ռուսաստանից։ Նրա փոխանցմամբ՝ նման որոշում են ընդունել նաև հեռուստաընկերության մի շարք աշխատակիցներ։
Դզյադկոն այդ մասին հայտնել է Տելեգրամ ալիքով տարածած հաղորդագրությունում և նշել, որ Գլխավոր դատախազության հայցով «Ռոսկոմնադզոր»-ի կողմից «Դոժդ»-ի կայքը և սոցցանցերի էջերը արգելափակվելուց հետո, ինչպես նաև մի շարք լրագրողների հասցեին սպառնալիքների պատճառով աշխատակիցների անձնական անվտանգությունը վտանգված է։
Նա նշել է, որ հեռուստաընկերությունը կբողոքարկի արգելափակելու որոշումը։ «Ռուսաստանի ոչ մի, նույնիսկ՝ ամենահրեշավոր օրենքները մեր լրագրոները չեն խախտել, ուստի արգելափակելու հիմքեր չկան», - ասել է «Դոժդ»-ի ղեկավարը։
Խմբագրությունը կշարունակի աշխատել, բայց այլ երկրից հեռարձակվելու մտադրություն չունեն։
Մարտի 1-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը «Ռոսկոմնադզոր»-ից պահանջել էր արգելափակել «Դոժդ» ինտերնետային հեռուստաընկերության և «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքերը, եթերը՝ պնդելով, որ նրանք սխալ տեղեկություններ են հաղորդում Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի բանակի գործողությունների մասին։ Դատախազության կարծիքով՝ նրանց հաղորդումները ծայրահեղական բնույթ ունեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Դոժդի» կայքն արգելափակվել է, «Էխո Մոսկվին»՝ եթերազրկվել«Ռոսկոմնադզոր»-ն իսկույն բավարարել էր դատախազության հայցը՝ արգելափակելով այդ անկախ լրատվամիջոցների հեռարձակման ուղիները։ Մարտի 1-ին «Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հայտնեց, որ ռադիոկայանը եթերազրկվել է։
Ավելի վաղ «Ռոսկոմնադզոր»-ը ռուսաստանյան լրատվամիջոցներին արգելել էր Ուկրաինայում ընթացող մարտական գործողությունները պատերազմ կոչել՝ պաշտոնապես այն կոչվում է «հատուկ գործողություն Ուկրաինայում»։ Լրագրողներից պահանջվում է նաև հաղորդել միայն պաշտոնական տեղեկատվություն։
«Դոժդ»-ի ղեկավարը դեռ փետրվարի 24-ին նման պահանջը համարել էր զինվորական գրաքննություն։
Ռուսաստանում արգելափակվել են նաև «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան» մեդիակորպորացիայի Current Time և ուկրաինական ծառայության “Крым. Реалии” ծրագրերը։