Ռուսաստանն ինքն իրեն թակարդի մեջ է գցել, այլևս տարբերակ չունի, պետք է հաղթի այս պատերազմում․ քաղաքագետ

Ռուսաստանն այլևս տարբերակ չունի, ինքը պետք է հաղթի այս պատերազմում, անկախ նրանից, թե ինչ գին պետք է դրա համար վճարի, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ նկատելով՝ Ռուսաստանն ինքն իրեն թակարդի մեջ գցեց, որից այլ ելք այլևս չունի։

Քոչինյանի խոսքով՝ Կրեմլում ի սկզբանե լրիվ ուրիշ պատերազմ էին հաշվարկել, բայց հաշվարկն ամբողջությամբ ուրիշ ձև ընթացավ։

«Իրենք մտածում էին, որ ամենաուշը երկրորդ օրն իրենք հայտնվելու են Կիևի կենտրոնում, փոխելու են տեղում իշխանությունը և, մարիոնետ կառավարություն նշանակելով, հեռահար կերպով կառավարելու են Ուկրաինան», - ասաց քաղաքագետը՝ շարունակելով․ - «Ռուսաստանը հիմա այլևս տարբերակ չունի, ինքը պետք է հաղթի, հասկանում եք, որովհետև կա այսպիսի մի նրբություն Ռուսաստանի հետ կապված․ Ռուսաստանը միասնական է և նրա սահմաններն անձեռնմխելի են, քանի դեռ ինքն ունի առնվազն տպավորություն, որ կա ուժեղ բանակ, որ երկրորդ բանակն աշխարհի, դա ռուսական բանակն է։ Թե չէ այնտեղ կա ռուս-չինական սահման, ռուս-ճապոնական սահման, կա Միջին Ասիա, Ռուսաստանն էնքան խնդիրներ կարող է ունենալ իր սահմանների երկայնքով, եթե հանկարծ ու հանկարծ այլ տպավորություն ստեղծվի, թե ոնց որ ռուսական բանակն այլևս առաջվանը չէ։ Սա է ինձ ստիպում ենթադրել, որ Ռուսաստանն այլևս ելք այդտեղից չունի, անկախ նրանցի թե ինչ գին պետք է դրա համար վճարի՝ իր տնտեսությամբ դրա համար պիտի վճարի, աշխարհից մեկուսանալով պետք է վճարի։ Մարտի դաշտում հաջողության հասնեն, ամեն ինչը գրավեն, օկուպացնեն, հետո մտածեն, թե հետո ոնց են այդ ամեն ինչը պահելու»։

Քաղաքագետի կանխատեսմամբ, ռուսական ռազմական մեքենան կանգ կառնի Դնեպրում։

«Այսինքն՝ իրենք կվերցնեն ամբողջ Արևելյան և Հարավային Ուկրաինան, Արևմտյանը չեմ կարծում, որ մտնեն՝ երկու պատճառով՝ մինչև սա, մենք տեսնում ենք, որ գրեթե զորքերի տեղաշարժեր Արևմտյան Ուկրաինայում տեղի չեն ունենում, այսինքն՝ Դնեպրից արևմուտք, բացի սա, Արևմտյան Ուկրաինայում վերաբերմունքը Ռուսաստանին անգամներով ավելի անհանդուրժող է և ավելի բացասական է, քան հարավ-արևելքում, արևելքում, կամ նույնիսկ ասենք թե Կիևում»։

Ռուսաստանը փետրվարի 24-ին ներխուժեց Ուկրաինա, ներխուժման 7-րդ օրը ռուսական ուժերը վերահսկողության տակ վերցրեցին Սևծովյան շրջանում ռազմավարական նշանակության Խերսոն քաղաքը, Խերսոնից արևմուտք արդեն Օդեսան է։ Ղրիմից արևելք ռմբակոծում է Ազովի նավահանգիստ Մարիպոլը, հյուսիս-արևելքում արդեն մի քանի օր ծանր հրետակոծության տակ է Խարկովը։ Երկու կողմերն էլ հաղորդում են զոհերի և վիրավորների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Your browser doesn’t support HTML5

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին