Միացյալ Նահանգների իշխանություններն արգելափակող պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի պաշտպանական ոլորտի 22 խոշոր ընկերությունների նկատմամբ:
«Այդ լայնածավալ սանկցիաների հետևանքով սպառազինություններ արտադրող ռուսական ընկերությունները զգալի կորուստներ են կրելու, ընդհանուր հաշվով ցուցակում կհայտնվեն 22 կառույցներ, որոնք կապված են ռազմարդյունաբերական համալիրի հետ», - ասվում է Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի տարածած հաղորդագրությունում:
Ըստ հաղորդագրության, ցուցակում ընկերություններ են, որոնք ռուսական բանակի համար արտադրում են մարտական օդանավեր, զրահատեխնիկա, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և անօդաչու թռչող սարքեր:
Պետդեպարտամենտը նշում է, որ Միացյալ Նահանգների նպատակն է «առաջիկա տարիների ընթացքում թուլացնել Ռուսաստանի պաշտպանական ոլորտը և ռազմական հզորությունը, ինչպես նաև սահմանափակող միջոցներ ընդունել Ռուսաստանի պետական գանձարանի համար եկամուտ ապահովող առավել կարևոր աղբյուրների դեմ»: