Ռուսաստանը պատրաստվում է բելառուսական զորք մտցնել Ուկրաինա, այսօր հայտարարել է այդ երկրի ռազմական հետախուզությունը։ Ըստ հաղորդագրության, Կրեմլը հատուկ ծրագրեր է կազմում, որպեսզի արդարացնի բելառուսական զորքի ներխուժումը։
Սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ մասնավորապես, ասվում է, որ ըստ տվյալների, Ուկրաինայի հետ սահմանին այժմ տեղակայվել են մոտ 300 բելառուսական տանկեր։
Բելառուսի պաշտպանության նախարարությունը հերքել է այս մասին հաղորդումները: Դրանից մոտ մեկ ժամ առաջ, սակայն, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր, թե «Բելառուսի բանակը կազմ ու պատրաստ է, և եթե վտանգ լինի, ինքը կարող է 2-3 օրում զորքը մոբիլիզացնել»։
«Ես որոշում եմ ընդունել փակել Լեհաստանի հետ սահմանը՝ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ ՆԱՏՕ-ի զորքերի կողմից ներթափանցում Բելառուսի տարածք, և հատուկ ուշադրություն դարձնել, որ սադրանքներ չլինեն», - ասել էր Լուկաշենկոն։