Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ այսօր զրուցել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի հետ:
Գերմանիայում Կանադայի դեսպանին Հայաստանի ղեկավարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման առնչությամբ, ինչպես նաև անդրադարձել միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին: Այս մասին հայտնում է կառավարությունը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում` ակնկալելով միջազգային գործընկերների օժանդակությունն այդ գործընթացին:
Հանդիպման ընթացքում նաև այլ թեմաներ են քննարկվել, մասնավորապես Հայաստանում ժողովրդավարության հզորացմանը և այդ համատեքստում հայ-կանադական գործընկերության ընդլայնմանը վերաբերող հարցեր: