Ռուս-ուկրաինական բանակցություններ. կողմերը համաձայնության են եկել շարունակել դրանք

Ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել դրանք առաջիկա օրերին շարունակելու հարցում:

Բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը, հղում անելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Միխայիլ Պոդոլյակին, հայտնել է, որ «կողմերը գնում են մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների»։

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին էլ շուրջ հինգ ժամ տևած բանակցություններից հետո ասել է, որ «գտնվել են որոշ կետեր, որոնցով կարելի է կանխատեսել ընդհանուր դիրքորոշումները»։

Ռուս-ուկրաինական բանակցությունները մեկնարկել էին այսօր կեսօրին: Ուկրաինայի և Բելառուսի սահմանի մոտ՝ բելառուսական Գոմել քաղաքում:

Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում Կիևի պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը և Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Ռուսական պատվիրակությունը ղեկավարում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Պատվիրակության կազմում են նաև փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, պատգամավոր Լեոնիդ Սլուցկին և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: