Անկարայում նախագահ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կառավարությունն այսօր քննարկվում է ռուս-ուկրաինական պատերազմն ու այդ համատեքստում դիտարկում Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռուսական և ուկրաինական ռազմական նավերի համար փակելու հնարավորությունը: Նիստից դեռ մանրամասներ չեն հաղորդվում։
Թուրքիայի ԱԳ նախարարը նախօրեին CNN Türk-ի եթերում հայտարարել է, որ Ուկրաինայում ծավալվող զարգացումները արդեն պատերազմի են վերածվել, և Թուրքիան պետք է կատարի Մոնտրոյի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները:
«Սկզբում Ռուսաստանի հարձակումը եղավ, մենք այն գնահատեցինք մասնագետների, զինվորականների, իրավաբանների հետ: Հիմա այն վերածվել է պատերազմի: Քաղաքներում, փողոցներում կողմերի միջև լուրջ բախումներ են: Սա մեկ երկու օդային հարձակում չէ, ռազմական գործողություն չէ, պատերազմական իրավիճակ է», - ասել է արտգործնախարարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թուրքիան կարող է սահմանափակել ռուսական ռազմանավերի անցումը, բայց ոչ դեպի բազաներ․ Չավուշօղլու1936 թվականին ընդունված Մոնտրոյի կոնվենցիայի 19-րդ կետի համաձայն, Թուրքիան պատերազմական իրավիճակում կամ նման վտանգի պարագայում իրավունք ունի սահմանափակել պատերազմող երկրների ռազմական նավերի անցումը իր վերահսկողության ներքո գտնվող Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով: Բացառություն են միայն ռազմակայան վերադարձող նավերը, որոնք կարող են անարգել վերադառնալ ելման կետեր:
Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մինչ օրս հետևել է սևծովյան նեղուցների ռեժիմը կարգավորող կոնվենցիայի դրույթներին և այժմ էլ նույն տրամաբանությամբ է առաջնորդվելու:
Ավելի վաղ, պաշտոնական Կիևը դիմել էր Անկարային՝ խնդրելով փակել ռուսական նավերի անցումը Միջերկրական ծովից դեպի Սև ծով, քանի որ ռուսական ռազմածովային ուժերը սկսել էին ներխուժել Ուկրաինայի ջրային տարածքներ: Այս ամիս նեղուցներով առնվազն 6 ռուսական ռազմանավ և մեկ սուզանավ է անցել:
Շաբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո Թվիթերում շնորհակալություն էր հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին նեղուցներով դեպի Սև ծով ռուսական ռազմանավերի մուտք փակելու համար: Այնուհանդերձ, Անկարայից այս մասին վերջնական հայտարարություն դեռ չի հնչել:
Բրիտանական Financial Times գրում է, թե նեղուցների փակումը սահմանափակ ազդեցություն կունենա Ռուսաստանի վրա, քանի որ Սև ծովում արդեն իսկ ռուսական մեծ նավատորմ կա: «Փորձագետների համոզմամբ, Թուրքիայի հռետորաբանության փոփոխությունը խորհրդանշական է: Կիևի ու Մոսկվայի հետ սերտ կապեր ունեցող Թուրքիան նախկինում էլ է շատ զգուշավոր կեցվածք ընդունել Ռուսաստանին չզայրացնելու համար»,-գրում է պարբերականը։
Ուկրաինայում շուրջ 6600 Թուրքիայի քաղաքացի տարհանման է սպասում. Չավուշօղլու
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման առաջին օրերից Թուրքիան այդ գործողությունները անընդունելի էր համարել՝ աջակցություն հայտնելով Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Անկարան նաև պատրաստակամություն է հայտնել միջնորդ լինել Մոսկվայի և Կիևի միջև՝ կողմերին առաջարկելով բանակցություններ անցկացնել Թուրքիայում:
Թուրքիայի ԱԳ նախարարը նաև անդրադարձել է Ուկրաինայում բնակվող Թուրքիայի քաղաքացիների վիճակին, որոնց տարհանման համար Անկարան աշխատանքներ է տանում: Նա նշել է, որ այժմ շուրջ 6600 հոգի տարհանման է սպասում, մարդկանց դուրսբերումը մի շարք քաղաքներում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով շատ վտանգավոր է:
Չավուշօղուի խոսքով, նախագահ Էրդողանը, ինչպես նաև ինքը պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում ռուս և ուկրաինացի գործընկերների հետ՝ գործի դնելով դիվանագիտական ջանքերը կրակի դադարեցման և կողմերին բանակցությունների հրավիրելու համար: