Ռուսաստանի բանակը նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հրամանով այսօրվանից անցնում է ծառայության հատուկ ռեժիմի: Պուտինի խոսքով, նա այդ որոշումն է կայացրել, հաշվի առնելով Ռուսաստանի հասցեին Արևմուտքի ղեկավարների ագրեսիվ հայտարարությունները:
«ՆԱՏՕ-ի առաջատար պետությունների բարձրագույն պաշտոնատար անձինք ագրեսիվ հայտարարություններ են հնչեցնում մեր երկրի հասցեին: Հրամայում եմ պաշտպանության նախարարին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ռուսաստանյան բանակի միջուկային {զսպիչ} ուժերում հայտարարել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ»,- ասել է Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ:
«Լսո՛ւմ եմ»,- պատասխանել են Ռուսաստանի բանակի երկու բարձրաստիճան հրամանատարները:
Շոյգուի և Գերասիմովի հետ զրույցում Պուտինը նաև նշել է, թե «արևմտյան երկրները Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ գործողությունների են դիմում տնտեսական ասպարեզում»:
«Նկատի ունեմ ապօրինի պատժամիջոցները, որոնց մասին բոլորը լավ գիտեն»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նախագահի, նախարարի և գլխավոր շտաբի պետի հանդիպումը տեղի է ունեցել Ուկրաինայում Ռուսաստանի բանակի «հատուկ ռազմական գործողությունների» ֆոնին: