Պետր Ֆիալա. «Չեխիան ավելի լուրջ զենք կտրամադրի Ուկրաինային, քան նախկինում»

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան, արխիվ, Պրահա:

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայտարարել է, որ հետայսու իր երկիրը Կիևին կտրամադրի նախկինի համեմատությամբ «ավելի լուրջ զինատեսակներ»: Այդ մասին վարչապետն ասել է CNN Prima NEWS չեխական հեռուստակայանի թղթակցին:

«Երեկ ես զրուցել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, դա զրույց էր պատերազմ վարող երկրի ղեկավարի և դրա զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ: Նա խնդրեց տրամադրել կոնկրետ զինատեսակներ և կոնկրետ զինամթերք: Ես հանձնարարեցի մեր զինվորականներին իմանալ, թե արդյո՞ք մենք կարող ենք դրանք մատակարարել: Ինձ զեկուցեցին, որ կարող ենք: Զելենսկու հետ երկրորդ հեռախոսազրույցում ես այդ մասին նրան հաղորդեցի»,- ասել է Ֆիալան:

Չեխիայի կառավարությունը երեկոյան հավանություն է տվել զինատեսակներն անվճար Ուկրաինային տրամադրելու առաջարկին: Դրա համար Չեխիան պետւական բյուջեից հատկացրել է 400 միլիոն կրոն, ինչը հավասար է 16 միլիոն 200 հազար եվրոյի:

Այսօր Չեխիայի մայրաքաղաք Պրահայում և մի շարք այլ քաղաքներում տեղի են ունենում բողոքի ցույցեր Ուկրանայում ռուսական բանակի ագրեսիայի դեմ: