Երեկվա դադարից հետո ռուսական հիմնական ուժերի առաջխաղացումը շաբաթ օրը շարունակվել է․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ Վլադիմիր Պուտինը երեկ կարգադրել էր դադարեցնել ռուսական հիմնական ուժերի առաջխաղացումը, նկատի ունենալով բանակցությունների հնարավորությունը։

Բայց Պեսկովի ասելով, քանի որ ուկրաինական կողմը, ըստ էության, հրաժարվել է բանակցություններից, շաբաթ օրը ռուսական հիմնական ուժերը շարունակել են առաջ շարժվել։

Մինչդեռ Ուկրաինայի նախագահը երեկ ասել էր, թե պատրաստ է բանակցությունների։ «Ցանկանում եմ ևս մեկ անգամ դիմել Ռուսաստանի նախագահին։ Ուկրաինայի ամբողջ տարածքում մարտեր են ընթանում։ Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի դադարեցնենք մարդկանց մահերը»,- ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ուրբաթ օրվա ճեպազրույցում ասել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։