Ռուսաստանը ստում է, թե քաղաքացիական ենթակառուցվածքներին չի հարվածում․ Ուկրաինայի ՆԳՆ

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ռուսական հրթիռը հարվածում բնակելի շենքին։

Արտակարգ իրավիճակների ծառայության խոսնակն ասել է, որ այսօր առավոտյան հակառակորդը հերթական «ցինիկ» հարձակումն է իրականացրել մայրաքաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի վրա։ Նա նշել է, որ հրթիռն ընկել է բնակելի շենքի 18-րդ ու 21 հարկերի միջև։

«Ռոյթերսի» տեսանյութում շենքի բնակիչներից մեկը շենքի բակում, ձեռքի հեռախոսով ինչ-որ մեկին հայտնում է, որ «իրենց հաջողվել է փրկվել, խոհանոցում էին գտնվում, հրթիռը հարվածել է հյուրասենյակի կողմին։ Երեխաները վնասվել են, ջարդվածքներ են ստացել, փոքրին փրկարարները տարել են, հիմա նրան է փնտրում»։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն ասել է, որ Ռուսաստանը ստում է, թե քաղաքացիական ենթակառուցվածքներին չի հարվածում։ Նա պնդել է, որ ռուսական ուժերը հարվածել են քաղաքացիական առնվազն չորս տասնյակ ենթակառուցվածքների։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը այսօր ասել է, որ թիրախավորվում են միայն Ուկրաինայի զինված ուժերի օբյեկտները։ Նա ասել է, որ գիշերվա ընթացքում դրանց հարվածել են նաև հեռահար թևավոր հրթիռներով։