Ռոսկոմնադզորը սկսում է մասնակի սահմանափակել Ֆեյսբուքը

Ռոսկոմնադզորը Թելեգրամի իր ալիքում հայտարարել է, որ սկսում է մասնակի սահմանափակել Ֆեյսբուքը։

Կառույցը պարզաբանել է, որ Ֆեյսբուքը փետրվարի 24-ից սահմանափակել է չորս ռուսական լրատվամիջոցների՝ «Զվեզդա» հեռուստաալիքի, «Ռիա Նովոստի» գործակալության, «Լենտա» և «Գազետա» կայքերի էջերը։ Ի պատասխան Ռոսկոմնադզորը Ֆեյսբուքը կառավարող Meta Platforms-ի ղեկավարությանն է դիմել՝ պահանջելով հանել սահմանափակումները։ Meta Platforms-ը չի արձագանքել։ Այնուհետև Ռուսաստանի գլխավոր դատախազությունը, Արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ, այսօրվանից որոշում է ընդունել, որ սոցցանցը «մարդու ազատության և հիմնարար իրավունքների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների խախտման «մեղսակից է»։

Այդ որոշումից հետո Ռոսկոմնադզորը որոշել է քայլեր ձեռնարկել սոցցանցի հասանելիությունը սահմանափակելու ուղղությամբ, ասված է կառույցի հաղորդագրությունում։