Կապույտ մզկիթի հոգևորականին զայրացրել են ադրբեջանցի պատգամավորների գրառումները

«Սա ո՞ր լեզուն է՝ պարսկերե՞ն, թե ադրբեջաներեն։ Նույնիսկ եթե մեկ սալիկ լիներ այստեղ ադրբեջաներեն, մենք կընդունեինք այդ փաստը», - «Ազատության» հետ զրույցում վրդովված ասաց նա։

Երևանի Կապույտ մզկիթի հոգևորական Մահմուդ Մովահեդիֆարին բարկացրել են ադրբեջանցի երկու պատգամավորների սոցցանցային գրառումները։

«Սա ո՞ր լեզուն է՝ պարսկերե՞ն, թե ադրբեջաներեն։ Նույնիսկ եթե մեկ սալիկ լիներ այստեղ ադրբեջաներեն, մենք կընդունեինք այդ փաստը», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Օրերս Եվրանեսթի շրջանակներում Երևան այցելած խորհրդարանականները այս մզկիթ էին գնացել, լուսանկարվել ու գրել, թե 18-րդ դարի կառույցը Հայաստանի մայրաքաղաքում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է։ Մեջլիսի անդամները նաև հույս էին հայտնել, թե այդ մզկիթի իրական տերերը շուտով կկարողանան այնտեղ աղոթել։

Կապույտ մզկիթի սալիկների պարսկերեն գրությունները, դուռը, պատերը, գմբեթը, մինարեթը, շինարարության մեջ օգտագործված նյութերը, ամեն ինչն ապացույց է, որ սա իրանական մզկիթ է, ոչ թե ադրբեջանական, հակադարձում է իրանցի հոգևորականը. - «Եթե այդ պարոնայք պնդում են, որ սա ադրբեջանական մզկիթ է, ապա այստեղ թող գոնե մեկ նշան ցույց տան ադրբեջանական պատմությունից»։

Մահմուդ Մովահեդիֆարին ասում է՝ բազմաթիվ փաստեր ունեն վստահ պնդելու, որ սա իրանական մզկիթ է։

Մահմուդ Մովահեդիֆար

18-րդ դարի մզկիթը 3 մեհրաբ (աղոթատեղի) ունի՝ բոլորի շուրջը պարսկերենով գրված բանաստեղծություններ են, նշված է շինարարության տարեթիվը. - «1181 թիվ։ Գրված է այս գլխավոր մեհրաբի կառուցման թիվը, որը համապատասխանում է ձեր՝ 1765 թվականին։ Սա պարսկերեն լեզվով է, թող ադրբեջանցիները տեսնեն՝ իրե՞նցն է, թե՞ պարսկերեն է»։

Այնուհետև հոգևորականը ցույց է տալիս մզկիթի պատերից մեկի վրա առանձնացված ապակիները, որոնք նրա խոսքով, իրանական հին տներն ունեն։ Ապակիների աշխատանքի ձևը, ասում է, կարող եք տեսնել Պարսկաստանի Շիրազ, Էսֆահան, Թավրիզ և այլ քաղաքներում։ Ուրիշ ոչ մի տեղ այսպիսի ապակիներ չկան։ Դրանց ներսում այստեղ սովորած ուսանողների հուշերն են պահվում. - «Պարսկերեն բանաստեղծություն, պարսկերեն բանաստեղծություն... Եթե ադրբեջանցիները ազնիվ գտնվեն, խնդրեմ մեկ ապացույց թող փաստեն, որ սա նրանցն է»։

Կապույտ մզկիթի հոգևորականը, աշխատակիցները տեղեկացված չեն եղել ադրբեջանցի պատգամավորների այցից։ Գիդի ծառայությունից չեն օգտվել, մտել, լուսանկարվել, դուրս են եկել. - «Եթե ես իմանայի, նույն րոպեին կգայի, այս բոլոր փաստերով կապացուցեի և կասեի՝ եթե դուք ասում եք ադրբեջանցիներինն է՝ մեկ հատ ապացույց բերեք»։

Ադրբեջանցի պատվիրակների Կապույտ մզկիթ այցի մասին նախապես տեղյակ չեն եղել նաև Եվրանեսթի հայաստանյան պատվիրակության անդամները, Ազատությանը փոխանցեց հայկական պատվիրակության անդամ, պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Ադրբեջանցի պատգամավորների երեկվա հրապարակումից հետո չէր ուշացել նաև Իրանի դեսպանության պատասխանը՝ 3 լեզուներով. «Պատմությամբ հետաքրքրվողները շատ լավ ընկալում են ավելի քան երկու հարյուրամյա վաղեմությամբ պարսկական արձանագրություններ ունեցող Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքը և ինքնությունը: Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են»։