Թուրքիան չի ընդունում Դոնբասի երկու կազմավորումների անկախությունը ճանաչելու որոշումը. Էրդողանը՝ Պուտինին

Թուրքիայի և Ռուսասստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը, արխիվ

Թուրքիայի նախագահը հարցը քննարկել է նաև ադրբեջանցի պաշտոնակցի հետ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասել է, թե Ուկրաինայում իրավիճակի սրումն, այդ թվում՝ ռազմական բախումը ոչ մեկին ձեռնտու չէ:

Այդ մասին Էրդողանն ասել է ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմրի Պուտինի հետ հեռախոսազրույցում: Նա Պուտինին ասել է, որ Անկարան չի ընդունումԴոնբասի երկու կազմավորումների անկախությունը ճանաչելու Մոսկվայի որոշումը:

«Նախագահն ընդգծել է, որ սրումը ոչ մեկին օգուտ չի բերի: Նա ասել է, որ Անկարան հորդորում է շարունակել խնդրի կարգավորման դիվանագիտական փորձերը և ընդգծել, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումը բերել լարվածության թուլացման և խաղաղության պահպանման գործում»,- ասվում է Էրդողանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ, Էրդողանն ասել է նաև, թե Թուրքիան չի կարող ընտրություն անել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, քանի որ ցանկանում է վնաս չհասցնել երկու երկրների հետ հարաբերություններին:

Էրդողանն այսօր ասել է, թե հույս ունի, որ «նախագահ Պուտինն ամենամոտ ժամանակներում կայցելի Թուրքիա»:

Նա ռուս-ուկրաինական հակամարտությունը քննարկել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: