Կամբոջայում արդեն սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել 3-5 տարեկան երեխաներին

Կամբոջիայում երեխաներին կորոնավիրուսի դեմ են պատվաստում, Պնոմպենի հիվանդանոց, 23 փետրվարի, 2022թ.

Կամբոջայում այսօրվանից կորոնավիրուսի դեմ պատվաստում են 3-ից 5 տարեկան երեխաներին: Կամբոջիայի իշխանությունների նպատակն է վակցինա տրամադրել երկրի բոլոր` 16 միլիոն բնակիչներին:

Պստիկների պատվաստումը մեկնարկել է մայրաքաղաք Պնոմպենում: Ծնողների փոխանցմամբ, նրանք երեխաներին բերում են պատվաստվելու երկրում COVID-19 հիվանդության տարածումը զսպելու համար:

Կամբոջայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության ավելի քան 80 տոկոսը, դա աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Այդ երկրում արդեն պատվաստանյութի չորրորդ դեղաչափն են տրամադրում խոցելի խմբերին:

Ընդհանուր հաշվով Կամբոջայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 127 հազար ախտահարում, COVID-19 հիվանդությունից մահացել է 3 հազար 24 մարդ: