Վեց տարվա քննությունից հետո Եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել՝ բավարարելով պաշտպանության նախկին փոխնախարար, 2015-ին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի բողոքը։
Դատարանը որոշել է, որ Հայաստանի կառավարությունը խախտել է նրա մի շարք իրավունքներ, ինչի համար էլ պարտավոր է Շիրխանյանին վճարել 12 հազար եվրո։ Այսպես, միջազգային դատարանը եզրահանգել է, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող Շիրխանյանը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք անօրինական է կալանքի տակ պահվել, իսկ բանտում նրան չեն տրամադրել իրավական պաշտպանության անհրաժեշտ միջոցներ կապված առողջական խնդիրների հետ։
2018-ի հեղափոխությունից հետո երաշխավորությամբ կալանքից ազատ արձակված 74-ամյա Շիրխանյանն իր գոհունակությունը հայտնեց հազարավոր կիլոմետրեր հեռու գործող դատարանից, որն, ըստ էության, արձանագրել է այն, ինչը հերքում էին հայաստանյան իրավապահները։
«Ցավում եմ և վիրավորված եմ, որ նրանք այնտեղից արդեն որերորդ անգամ ասում են՝ «Հայաստան, դուք ունեք անորակ դատավորներ, քննիչներ, դատախազներ», և այստեղ ոչինչ չի արվում: Դրա համար շնորհակալ եմ նրանցից, բայց դժգոհ եմ, որ մենք շարունակում ենք ունենալ այդ անորակ մասսան, որը պատրաստ է պատվեր կատարելու համար ինչ ասես անել․ խոսքս վերաբերվում է սերժական իշխանությանը, կոնկրետ», - նշեց Վահան Շիրխանյանը:
Շիրխանյանի փաստաբան Աննա Մարալյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Եվրադատարանն անդրադարձել է բողոքի բոլոր կետերին, այդ թվում՝ անօրինական կալանքին ու արդյունավետ պաշտպանության բացակայությանը։
«Պնդում էինք, որ պարոն Շիրխանյանը չունի արդյունավետ պաշտպանության միջոց Հայաստանի Հանրապետությունում՝ վերաբերելի նրա կալանքի պայմաններին, նաև բուժօգնություն չտրամադրելուն», - նշեց Մարալյանը:
Նորքի զինված խմբի գործով մեղքը չընդունող նախկին պաշտպանության փոխնախարարի և մյուս 19 մեղադրյալների դատաքննությունը դեռ շարունակվում է։ Շիրխանյանը մեղադրվում է հանցավոր խմբի կազմում ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք ձեռքբերելու համար` նպատակ ունենալով յուրացնել իշխանությունը, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում։
Ըստ իրավապահների, զինված խումբը ծրագրում էր թռիչքի պահին խոցել երկրի նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, ԱԺ-ի, Սահմանադրական դատարանի, Կառավարության և Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա։
Փաստաբանը պնդում է, թե ձերբակալությունից անմիջապես հետո են սկսվել խախտումները։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող տարեց մարդը բանտում անհրաժեշտ բուժումը չստանալուց բացի, զրկված էր տեղաշարժվելուց՝ չուներ անվասայլակ, իսկ այն ստանալուց հետո էլ չէր կարող ինքնուրույն օգտագործել։ Մինչդեռ Հայաստանի կառավարությունը Եվրադատարանին պատասխաններ ներկայացնելիս հերքել էր այս պնդումները։
«Ասում էր, որ անմարդկային վերաբերմունք չկա, պարոն Շիրխանյանը ստանում է բուժօգնություն: Գիտե՞ք բուժօգնությունն ինչում էր կայանում, որ բուժօգնությունը իր իսկ խցում գտնված կալանավորվածներն էին տարամադրում: Դա բուժօգնություն չի կարող լինել, երբ որ պարոն Շիրխանյանի կյանքն անգամ վտանգված է եղել ու պահանջները՝ տրամադրել բուժօգնություն, եթե անգամ տրամադրվել են, եղել է ուշացած, որը վատթարացրել է պարոն Շիրխանյանի առողջական վիճակը», - ընդգծեց Մարալյանը:
Խնդիրների շարքում փաստաբանն առանձնացնում է նաև այն, որ բանտում Շիրխանյանը կես տարի զրկված է եղել լոգանք ընդունելու հնարավորությունից։ Հայաստանի կառավարությունը, սակայն, Եվրադատարանին հայտնել է, թե կալանավորը հրաժարվել է լոգանքից, քանի որ զրկված է եղել կնոջ օգնությունից։
«Տրամադրել էին դատարանին փաստարկ, որ պարոն Շիրխանյանը մոտավորապես կես տարուց ավելի լոգանք ընդունելու հնարավորություն չի ունեցել, քանի որ ինքը հնարավորություն չի ունեցել հասնել այդ սենյակներ, որտեղ լոգանք կարող էր ընդունել, պետությունն ասում էր, որ նա հրաժարվել է ու պատճառաբանությունն այնպիսին էր, որն անհավատալի է», - ասաց պաշտպանը:
Ստրասբուրգից Շիրխանյանի շահերը պաշտպանող փաստաբանը հիշում է, որ իշխանություններն արգելել էին իրեն առանձին տեսակցել կալանավորված պաշտպանյալին միայն այն պատճառով, որ ինքը Հայաստանի փաստաբանների պալատի անդամ չէ։ Եվրադատարանը նաև այս հանգամանքն է որակել խախտում։ Իսկ որ ամենակարևորն է՝ դատարանը կրկին արձանագրել է կալանքը երկարացնելու խախտումները։
«Դա խնդիր է, Եվրոպական դատարանը բազմիցս դա ասել է: Այդ կալանքները, որոնք հիմնավորված չեն, արդեն Եվրոպական դատարանն անգամ խորը վերլուծություն չի անում, քանի որ դա շատ տարածված է Հայաստանի Հանրապետությունում», - ընդգծեց Աննա Մարալյանը:
Հայաստանի կառավարությունը երկու ամիս ունի բողոքը վիճարկելու Եվրադատարանի Մեծ պալատում։ Պաշտոնական տվյալներով՝ Ստրասբուրգի դատարանը 2007 թվականից մինչև 2020 թվականը Հայաստանի դեմ 137 վճիռ է կայացրել, որով Հայաստանի բյուջեից մարդու իրավունքների խախտումների պատճառով վճարվել է շուրջ 4 միլիոն եվրո։