Հոսեյն Ամիր Աբդոլահիան. «Արևմուտքը պետք է իրատեսական մոտեցում դրսևորի չլուծված մի շարք զգայուն հարցեր կարգավորելու համար»

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, Թեհրան, արխիվ:

Իրանի միջուկային ծրագրի հարցով Վիեննայում ընթացող բանակցությունները հասել են կարևորագույն հանգրվանի, և արևմտյան երկրները պարտավոր են իրատեսական մոտեցում դրսևորել մնացած չլուծված հարցերը կարգավորելու համար:

Այդ մասին այսօր Թեհրանում՝ Օմանի արտգործնախարար Սայիդ Բադր Բին Համալ Ալ-Բուսադիի հետ համատեղ ասուլիսում, հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը:

«Վիեննայի բանակցություններն այսօրվա դրությամբ դրական ենք գնահատում: Հուսով ենք, որ դեռևս չլուծված մի շարք կարևոր և զգայուն հարցեր առաջիկայում կկարգավորվեն, բայց դրա համար պետք է, որ Արևմուտքն իրատեսական մոտեցում դրսևորի»,- ասել է նախարարը:

Վիեննայում բանագնացները փորձում են վերականգնել 2015 թվականին կնքված միջուկային պայմանագիրը, որով Իրանը պետք է սահմանափակի միջուկային ակտիվությունը:

Դրա դիմաց միջազգային գերտերությունները պետք է աստիճանաբար չեղարկեն պատժամիջոցները:

Միացյալ Նահանգները 2018-ին նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ դուրս է եկել պայմանագրից, սակայն նրան փոխարինած նախագահ Ջո Բայդենն ասել է, որ նպատակահարմար է վերականգնել պայմանագիրը: