Վաղվանից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ավարտող Արման Թաթոյանը նաև ակնարկեց, որ հանրության աչքից հեռու չի գնում, բայց որևէ քաղաքական թիմի միանալ չի պատրաստվում. - «Պառլամենտական ընտրությունների ժամանակ որոշ փորձեր եղել են, շատ կտրուկ մերժում են ստացել։ Դրա համար նաև կանխվել է»։
2016 թվականի փետրվարի 23-ին Ազգային ժողովի կողմից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան ընտրված Թաթոյանը շարունակելու է հանրային, իրավապաշտպան գործուենությունը. - «Կապված սահմանային բնակիչների իրավունքների հետ, կապված ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հիմքերը վերհանելու և աշխարհին ցույց տալու հետ»։
Այսօր Թաթոյանի խոսքի մեծ մասը 44-օրյա պատերազմից հետո սահմանային գոտում ստեղծված վիճակի մասին էր։ Նա վերջերս նորից Սյունիքում, Գեղարքունիքում, Արցախում է եղել և պնդում է, որ Հայաստանի սահմաններին շարունակվում են ադրբեջանական սպառնալիքները. - «Կառավարությունը պարտավոր է հրապարակային բացատրել մանրամասներով, թե ինչ է նշանակում այդ հայելային հետքաշումը, վե'րջ։ Սա բոլորիս անվտանգությանը, իմ, ձեր, բոլորի, իրենց ընտանիքների անվտանգությանը վերաբերող հարց է»։ Մենք պետք է հաշվի առնենք, որ չի կարելի միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից դիտարկել։ Սա կապում է մեր պետության ձեռքերը, հասկանո՞ւմ եք։ Հնարավորություն չի տալիս դիվերսիֆիկացված պայքարել մեր իրավունքների համար։ Մեր քաղաքացիների իրավունքները, սեփականության իրավունքը կոպիտ խախտված է, մեր տների մեջ նստած են շատ տեղերում, հողերի մեջ նստած են»։
«Խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց այն չի լինում միայն մեկ կողմի հաշվին», - անդրադառնալով խաղաղության դարաշրջան բացելու Հայաստանի իշխանությունների օրակարգին, ասում է Թաթոյանը՝ պահանջելով նախևառաջ անվտանգության երաշխիքներ ներկայացնել, ապա նոր միայն ծածանել սպիտակ դրոշը. - «Պատերազմ որևէ մեկը չի ուզում, թշնամանք որևէ մեկը չի ուզում, առավել ևս՝ ես, որպես մարդու իրավունքների պաշտպան։ Դա վատ բան է՝ կլինի երկրի ներսում թե դրսում։ Բայց մենք չենք կարող երբեք ինքներս մեզ մոլորեցնել, համոզել մեզ, կամ թողնենք, որ մեզ համոզեն, որ այդ ամենը ավարտված է։ Այդ ամենը ավարտրված չէ։ Մենք պետք է ունենանք մեր իրավունքների երաշխիքները։ Սա շատ կարևոր է։ Եվ երբեք չթողնենք, որ մեր խնդիրները կոպիտ սխալների պատճառով բերեն հանգեցնեն պրոբլեմների և ասեն անիրատեսական է լուծելը»։
Իշխող քաղաքական ուժից հաճախ են քննադատական գնահատակներ հնչել Թաթոյանի հասցեին թե' սահմանին, թե' դատաիրավական ոլորտում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ։ Պաշտոնավարումն ավարտող օմբուդսմենը դիվանագիտորեն մոտեցավ հարցին՝ ենթադրելով, թե գուցե պաշտոնայները ամբողջովին չեն գիտակցում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործառույթը. - «Ինձ երբեք չի հետաքրքրել որևէ պաշտոնյայի դուրը կգա՞ իմ ասածը, թե՞ ոչ։ Որովհետև եթե ես նման ձև շարժվեմ, պատկերացնո՞ւմ եք ինչ աղետալի վիճակ կլինի այս կառույցի համար»։
Ավելի կոշտ էր օմբուդսմենի արձագանքը իշխող ուժի անդամ, Արդարադատության նախարար, նախկին օմբուդմսեն Կարեն Անդրեասյանի այն հայտարարությանը, թե դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման գործով Թաթոյանն իրավունք չուներ գնահատականներ տալու։ Թաթոյանն ավելի վաղ ասել էր, թե այս գործը պարունակում է համակարգային վտանգներ։ Դատավոր Բախշիյանը մեղադրվում է անձին ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
«Արդարադատության նախարարը շարժվում է վրեժխնդրության շարժառիթով։ Ավելին, ես կարծում եմ, սա այն կլասիկ հայտարարություններն են, որ դառնում են իրենց քաղաքական հայտարարությունների գերին։ Ինչպե՞ս է տեղի ունենում։ Անում են պոպուլիստական հայտարարություններ, բնակչության մեջ առաջացնում են ակնկալիքներ, հետո ի՞նչ պիտի անեն, պիտի ամեն ինչ անեն հասնեն էդ իրենց հայտարարություններին»։
Ի դեպ, օրենքը թույլ է տալիս Թաթոյանին ևս մեկ անգամ առաջադրվել օմբուդսմենի պաշտոնում։ Հարցին՝ առաջա՞րկ չի եղել, թե՞ ինքը չի ցանկացել, նրա պատասխանը միանշանակ չէր. - «Ես կարող էի այնպես աշխատել, որ ես վերաառաջադրվեի։ Առավել ևս՝ եղել են ակնկալիքներ, որ, օրինակ, իմ հրապարակային գործունեությունը դադարեցնելու, պասիվացնելու էականորեն։ Այդ պայմաններում կարող է այդպիսի շանս ընձեռվել։ Ես, բնականաբար, արել եմ իմ գործը ոնց պետք ա անեի»։
Վաղվանից Արման Թաթոյանին մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կփոխարինի Արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորգյանը, որն այդ պաշտոնում ընտրվեց վերջերս՝ բացառապես իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քվեներով։ Ընդդիմությունը բոյկոտել էր ընտրությունը՝ պնդելով, թե նա իշխանությունների պաշտպանն է լինելու։