Այսօր կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերություններում հաստատված իրավիճակը, տարածաշրջանային անվտանգության հարցեր: Այս մասին հայտնում է Հայաստանի կառավարությունը:
Կրեմլի մամուլի ծառայությունը, իր հերթին, հաղորդում է, որ նրանք մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ։
«Երկու կողմից ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հետևողական կատարման կարևորությունը՝ ներառյալ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնումը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի շուտափույթ մեկնարկին ուղղված քայլերի իրականացումը», - նշված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի Դաշնության նախագահը Հայաստանի վարչապետին հրավիրել է գարնանը պաշտոնական այցով մեկնել Մոսկվա, նշված է ՀՀ կառավարության հաղորդագրությունում: Հայաստանի վարչապետն իր հերթին Վլադիմիր Պուտինին հրավիրել է Հայաստան:
Պուտինը վաղը Մոսկվայում հանդիպելու է Ադրբեջանի ղեկավար Ալիևի հետ, նրանք դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրեն:
Կրեմլի տեղեկություններով` Իլհամ Ալիևի՝ վաղը մեկնարկող պաշտոնական այցի ընթացքում կողմերը քննարկելու են քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ասպարեզներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։