Ադրբեջանցի 2 պատգամավորներ Երևանում կմասնակցեն «Եվրանեսթ» ԽՎ բյուրոյի և հանձնաժողովների նիստերին

Ադրբեջանցի պատգամավորներ Սոլթան Մամեդովը և Թաիր Միրկիշիլին, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ադրբեջանցի պատգամավոր Թաիր Միրկիշիլին։ Վերջինս համազեկուցող է քովիդ համավարակին վերաբերող հարցով, հավանաբար հենց այդ պատճառով էլ ընդգրկված է պատվիրակության կազմում։

Հանդիպմանը վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, հաղորդակցման ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության վերաբերյալ: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում են անցկացրել միայն վեհաժողովի համանախագահների մակարդակով։

Ըստ արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության, նախարար Միրզոյանը ընդգծել է Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը։

Ադրբեջանական մեջլիսի երկու պատգամավորները Երևանում են այսօր և վաղը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար։ Լրագրողները նրանց հանդիպելու հնարավորություն դեռ չեն ունեցել, այսօր անցկացված բյուրոյի նիստը փակ էր, «Ազատությանը» փոխանցեց «Եվրանեսթ» ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը։

«Այսինքն միշտ բոլոր երկրներում, քաղաքներում, երբ այդ նիստը տեղի է ունենում, չի հեռարձակվում, դրա շուրջ հավելյալ լարվածություն պետք չէ ունենալ, ինչպես մեր Ազգային ժողովի խորհրդի նիստերը չեն հեռարձակվում: Վաղը ամբողջական աշխատանքային օրն է՝ առավոտյան 9-ից մինչև երեկոյան մոտավորապես ժամը 18-ը կընթանան հանձնաժողովների նիստերը՝ քաղաքական, էներգետիկ, տնտեսական և սոցիալական հանձնաժողովների նիստերը», - նշեց Կարապետյանը:

Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորներն են Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը, ևս մեկ անձ նրանց ուղեկցում է։

Հայկական կողմը Ադրբեջանից ժամանող պատվիրակությանը անվտանգության երաշխիքներ տրամադրել է, դա նման իրավիճակներում բնական ընթացակարգ է, փոխանցում է իշխող ուժի պատգամավորը՝ հիշեցնելով 2017 թվականը, երբ Բաքուն կրկին «Եվրանեսթ»-ի շրջանակներում նման երաշխիքներ էր տվել հայ պատգամավորներին։

«Եվրանեսթ»-ի լիագումար նիստը Երևանում անցկացվել է նաև 2015 թվականին, սակայն ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել էր Հայաստան գալ։ «Եվրանեսթ»-ի շրջանակում վերջին անգամ Բաքվից պատգամավորներ Երևան ժամանել են 2012 թվականին։

«Նմանատիպ այցերի ժամանակ, հաշվի առնելով ընդհանուր համատեքստը, կողմերը միմյանց ժամանող անձանց տրամադրում են անվտանգության երաշխիքներ: Երբ տիկին Մանե Թանդիլյանը և Արմեն Աշոտյանը մեկնել էին Բաքու, 2017 թվականին, նմանատիպ երաշխիքներ տրամադրվել էին նաև նրանց: Դա բնական է», - ասաց Մարիա Կարապետյանը:

Բողոքի ակցիաներ Երևանում՝ ադրբեջանցի պատգամավորների այցի պատճառով

Ադրբեջանցի պատգամավորների այցը Երևան ուղեկցվեց բողոքի ակցիաներով։ Կեսօրից հետո մի խումբ քաղաքացիներ փորձեցին փակել օդանավակայան տանող ճանապարհը՝ հայտարարելով, որ թույլ չեն տա ադրբեջանցի պատգամավորների մուտքը Երևան։ Ոստիկանական ուժերի միջամտությունից հետո ճանապարհը բացվեց։

Ավելի ուշ մի քանի քաղաքացի բողոքի ակցիա անցկացրեցին նաև երևանյան հյուրանոցներից մեկի մոտ, որտեղ, ամենայն հավանականությամբ, հյուրընկալվել են ադրբեջանցի պատգամավորները։

Մամեդովն ու Միրկիշիլին ակտիվ չեն սոցիալական հարթակներում։ Մամեդովը նախօրեին միայն ֆեյսբուքյան էջում կարճ գրառում է կատարել այն մասին, որ վաղվա նիստի ընթացքում ներկայացնելու է ադրբեջանական կողմի դիրքորոշումը քննարկվող հարցերի վերաբերյալ։

Նիստն անցկացվելու է Մարզահամերգային համալիրում: Օրակարգում ղարաբաղյան հակամարտության մասին հարցեր չկան, հստակեցրեց «Եվրանեսթ»-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը։

«Միևնույն ժամանակ խորհրդարանական վեհաժողովներում բոլոր երկրների պատգամավորները օգտվում են իրենց ազատ խոսքի իրավունքից և իրենց ելույթները կառուցում են այնպես, ինչպես ցանկանում են: Բնական է, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ պատգամավորները շոշափում են նաև այն հարցերը, որոնք Հայաստանի համար ունեն առաջնային կարևորություն, կլինեն դրանք անվտանգային հարցեր, թե մյուս: Բայց ես կարևոր եմ համարում շեշտել, որ աշխարհի հետ մեր խոսակցության նյութը, որքան էլ որ մեր առաջնահերթությունների, այն է՝ Հարավային Կովկասում անվտանգային միջավայրի մասին լինի, միևնույն ժամանակ պետք է նաև շոշափի մեր մյուս օրակարգերը», - ասաց Կարապետյանը:

«Եվրանեսթը» Եվրախորհրդարանի և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համագործակցության խորհրդարանական հարթակն է։ Պաշտոնական կայքէջում հրապարակվել է վաղվա նիստի օրակարգը, հարցերի թվում նաև ռուսական ուժերի կուտակումն է Ուկրաինայի սահմանին և ռուսական սպառնալիքը եվրոպական անվտանգությանը։