Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անթալիայում կհանդիպի իր թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ, ինչպես նաև կմասնակցի սիրիական ճգնաժամի կարգավորմամբ զբաղվող Աստանայի ձևաչափի երաշխավոր պետությունների՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը։ Այս մասին այսօր «Վալդայ» ակումբի կազմակերպած համաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահի Մերձավոր Արևելքի գծով հատուկ բանագնաց Միխայիլ Բոգդանովը։
Թուրքական աղբյուրների փոխանցմամբ` վերը հիշատակված հանդիպումները կայանալու են մարտի 11-ին Անթալիայում մեկնարկող միջազգային դիվանագիտական համաժողովի շրջանակներում։
Անդրադառնալով Սիրիայում տեղակայված ռուսաստանցի և թուրք զինվորականների հարաբերություններին՝ Բոգդանովը նշել է. «Հմեյմիմում տեղակայված մեր ռազմակայանի հրամանատարությունը բավական արդյունավետ կապեր ունի թուրք զինվորականների հետ»։