Միրզոյանն ու «Եվրանեսթ» ԽՎ համանախագահները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներ Անդրիուս Կուբիլիուսը և Մակա Բոտչորիշվիլին այսօր քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:

Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, շեշտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի շարունակական խախտման և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը չկատարելու անթույլատրելիությունը: ԱԳՆ-ի հաղորդմամբ` ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ և տևական կարգավորման նպատակով բանակցային գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման դինամիկայի առնչությամբ:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահները բարձր են գնահատել վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում:

Այսօր Երևանում մեկնարկում են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: Նիստերին կմասնակցեն Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան: