Իրադրությունը Դոնբասում շարունակում է լարված մնալ։
Ուկրաինայի Զինված ուժերի տեղեկություններով` նախօրեին Լուգանսկի և Դոնեցկի ռուսամետ անջատականները առնվազն 53 անգամ գնդակոծել են պաշտոնական Կիևի վերահսկողության տակ գտնվող շրջանները, մեկ զինծառայող վիրավորվել է։
«Գնդակոծությունները իրականացվել են Մինսկի համաձայնագրերով արգելված զինատեսակներով», - հաղորդել է Դոնբասում գործող միասնական ուկրաինական զորախմբի հրամանատարությունը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ, անցած գիշեր անջատականները հրետակոծել են Կիևի վերահսկողությունից դուրս գտնվող Լուգանսկ քաղաքը՝ նպատակ ունենալով հետագայում այդ գործողության մեղքը բարդել ուկրաինական իշխանությունների վրա։
Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները կտրականապես հերքում են Կիևից հնչող այս պնդումները՝ հայտարարելով, որ իրադրությունը շփման գծի երկայնքով սրում են Ուկրաինայի Զինված ուժերը։
Լուգանսկի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ անցած 24 ժամերին ուկրաինական բանակը առնվազն 40 անգամ հրետակոծել է ինքնահռչակ հանրապետության տարածքը՝ ծանր հրետանու, ականանետերի և նռնականետերի կիրառմամբ։
Լուգանսկում նաև պնդում են, որ ուկրաինական զորքերը հետախուզության նպատակով թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր են կիրառում։
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությանը ղեկավարությունը հայտարարել է, որ վերջին մեկ օրում ուկրաինական կողմից 37 հրետանային հարված է արձանագրվել։