Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը փետրվարի 18-ին ուշ երեկոյան Սպիտակ տանը խոսել է Ուկրաինայի ճգնաժամի մասին:
Բայդենի փոխանցմամբ՝ «Պուտինն արդեն որոշել է հարձակվել Ուկրաինայի վրա»: Միաժամանակ նա ասել է, որ դեռ գոյություն ունի խնդիրը դիվանագիտական եղանակով լուծելու հնարավորություն:
Այդ առումով Բայդենն ասել է, որ փետրվարի 24-ին Եվրոպայում կհանդիպեն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնի Բլինքենը և Սերգեյ Լավրովը, «պայմանով, որ մինչ այդ պատերազմ չի սկսվի»:
Ջո Բայդենը հայտարարել է, որ Արևմուտքը և ՆԱՏՕ-ն միասնական են Ուկրաինայի հարցում:
ԱՄՆ նախագահի խոսքով, եթե տեղի ունենա ագրեսիա՝ Արևմուտքը կսահմանի չափազանց կոշտ պատժամիջոցներ:
Բայդենն ասել է, որ պատերազմի դեպքում ամերիկյան ուժեր Ուկրաինա չեն մեկնի, սակայն Ամերիկան և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ տնտեսական միջոցներով կշարունակի սատարել Ուկրաինային:
«Մենք Ռուսաստանին պատասխանատվության կկանչենք, եթե Ուկրաինան հարձակման ենթարկվի»,- ասել է Բայդենը:
Այսօր երեկոյան Դոնբասից տարհանում և Ռուսաստան են փոխադրում կանանց, երեխաներին և տարեցներին: Ռուս անջատականները հաղորդում են գնդակոծությունների և ականանետման մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնեցկի բնակչությունը տարհանվում է ՌուսաստանՈւկրաինական կողմը հայտարարում է, որ անջատականներն են կրակ բացում ուկրաինացիների վրա:
Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է, որ «Ռուսաստանը կպաշտպանի Դոնբասում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին»: