2008 թվականից սկսած Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և կառավարության որոշմամբ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը նշվում է որպես գիրք նվիրելու օր՝ աստիճանաբար վերածվելով գիրք նվիրելու տոնի, որն իր մեջ ներառում է ամենատարբեր կազմակերպությունների՝ դպրոցների, բուհերի, գրադարանների, գրախանութների, թանգարանների կողմից կազմակերպվող զանազան, շատ ուշագրավ միջոցառումներ։
Բնականաբար ամեն տարի Գրքի տոնի մեկնարկը տրվում է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում։ Ի՞նչ է նախապատրաստել թանգարանն այս տարի։ Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, որ այս տարի մեծ բանաստեղծի ծննդյան օրվա տոնակատարությունները հենց այսօր են սկսել՝ մի մեծ նվերով ստանալով. - «Տեղադրել ենք արևային կայան՝ աջակցությամբ Էներգետիկայի հայկական գործակալության հիմնադրամի և HSBC բանկի։ Փաստորեն Հայաստանի թանգարանային ոլորտում առաջին անգամ գործարկվում է արևային կայան։ Սա մեզ համար նաև այնքանով է կարևոր, որ խնայված գումարը մենք ուղղելու ենք Թումանյանի անձնական գրադարանի թվայնացման և էլեկտրոնային գրադարանի ստեղծման գործին։ Ես կարծում եմ, որ թումանյանասերներին և ընթերցող լայն հանրությանը էլեկտրոնային էսպիսի հսկայական գրադարան ունենալու հեռանկարը շատ մեծ նվեր է»։
Իսկ վաղը տոնական միջոցառումները կմեկնարկեն առավոտյան 11-ից և, ամենաուշագրավը՝ նախ թանգարանի բակում, հետո արդեն դահլիճում առաջին անգամ հանդես կգա թանգարանի նորաստեղծ «Անուշ-Անուշ» երգչախումբը. - «Սիրողական երգչախումբ՝ կազմված բոլոր այն մարդկանցից, ովքեր շատ սիրում են Թումանյանի «Ախ ինչ լավ են» երգը, որը կարծես թանգարանի հիմնը լինի։ Եվ մենք որոշեցինք երգչախումբ կազմենք։ Երգչախումբը մոտ յոթանասուն հոգի է։ Պայմանն այն է, որ պարտադիր չէ ունենան ձայնային տվյալներ և պարտադիր չէ, որ երաժշտական կրթություն ստանան, առանց տարիքային սահմանափակման։ Դա թանգարանի նախաձեռնությունն է՝ հնարավորություն տալ բոլոր նրանց, ում մերժել են երբևէ երգել, ովքեր հոգով-սրտով ուզում են երգել, ովքեր սիրում են Թումանյան։ Եվ պատկերացրեք, հայտերը շատ-շատ էին, և մենք մեր խմբավար Շահե Քեշիշյանի օգնությամբ կարողացանք հավաքել խումբը, և արդեն ամսի 19-ին իրենց առաջին բեմելը կլինի»։
Անի Եղիազարյանը նշեց, որ այս տարի մեծն Թումանյանի ծննդյան օրվա միջոցառումները անցկացվելու են «Թումանյանը երաժշտության մեջ» խորագրի։ Ամենատարբեր խմբերի և անհատների կատարմամբ կներկայացվեն Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված ռոմանսներ, օպերային արիաներ, խմբերգեր։
Թումանյանի տուն-թանգարանը, բնականաբար, նաև Գրքի տոնի խորհրդի հետ կապված անակնկալ ունի իր այցելունեերի համար. - «Մենք մի հետաքրքիր նախաձեռնություն ունենք Թումանյանի անձնական գրադարանի մանկական գրքերի ֆաքսիմիլե տպագրության։ Դրանք համաշխարհային գրականության գանձարանից հեքիաթներ են, որ Թումանյանն ընտրել է ընթերցելու իր երեխաների համար։ Եվ մենք արդեն չորրորդ գիրքն է, որ այս շարքից հրատարակում ենք. 19-ին կլինի այդ շարքի հերթական գրքի՝ «Լուսերեսիկը» հեքիաթի գրքի շնորհանդեսը։ Եվ գրքի հետ կապված մի բացառիկ նախաձեռնությամբ թանգարանը հանդես եկավ՝ հրավեր ուղղելով Չարենցի տուն-թանգարանին, քանի որ այս տարի Չարենցի 125-ամյակն է։ Որպեսզի այդ ծնունդը մեկնարկի ոչ թե մարտի 13-ից՝ Չարենցի ծննդյան օրվանից, այլ հենց փետրվարի 19-ից, որը Թումանյանի և գրքի տոնն է, և երրորդ տոնը միավորվի, որովհետև Չարենցի բնութագրումը գրքերի աշխարհին պակաս արժեքավոր չէ։ Եվ շատ լայն արձագանք գտավ, որովհետև այդ նախաձեռնությանը միացան հայաստանյան տարբեր թանգարաններ և գրադարաններ։ «Գիրքը ծննդյան նվեր» խորագրով։ Բոլորի ֆոնդերում պահվում են Չարենցի ընծայագրերով գրքեր, փետրվարի 19-ին լինելու է այդ գրքերի ցուցահանդեսը, Թումանյանի թանգարանում լինելու է Թումանյանի և Չարենցի միմյանց մակագրված, ընծայագրված գրքերի ցուցադրությունը, որն առաջին անգամ է որպես էդպիսին ներկայացվում։ Եվ որքան էլ որ ասվում է, որ Չարենցը և Թումանյանը միմյանց չեն հանդիպել, բայց մենք վստահ ենք, որ այս ընծայագրված գրքերը մեկ տեղում ներկայացնելով, մենք ցույց են տալիս իրենց հավերժ կապը»։