Լրտեսության և պետական դավաճանության գործով անցնում է 20 մեղադրյալ, որոնցից 14-ը կալանավորված են. ԱԱԾ

Թեև ԱԱԾ-ն իր հաղորդագրությունում չի նշում, որ պատերազմի թեժ օրերին մարտի դաշտից տեղեկությունը փոխանցվել է հենց Ադրբեջանին, իրավապահների տարածած տեսանյութում մեղադրյալներն իրենք են այդ մասին պատմում։

Լրտեսության և պետական դավաճանության գործը քննող Ազգային անվտանգության ծառայությունը չի պարզաբանում, թե 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի հատուկ ծառայություններին ռազմական ոլորտի տեղեկություններ փոխանցած նախկին և ներկա զինվորականների շարքում արդյո՞ք կան բարձրաստիճան, ղեկավար դիրքեր զբաղեցրած զինվորականներ, և արդյո՞ք նրանք հավաքագրվել են հենց պատերազմի օրերին, թե՞ Ադրբեջանի հետախուզությունը ավելի վաղ է սկսել այդ գործընթացը։

Այս բոլոր հարցերի վերաբերյալ «Ազատության» հարցմանն ի պատասխան Ազգային անվտանգության ծառայությունից միայն պատասխանել են, թե նախաքննություն է ընթանում։

Աղմկահարույց այս գործով 20 մեղադրյալ կա, նրանցից 14-ը կալանավորված է։ Մի մասը խոստովանական ցուցմունքներ է տվել։

Թեև ԱԱԾ-ն իր հաղորդագրությունում չի նշում, որ պատերազմի թեժ օրերին մարտի դաշտից տեղեկությունը փոխանցվել է հենց Ադրբեջանին, իրավապահների տարածած տեսանյութում մեղադրյալներն իրենք են այդ մասին պատմում։

«Հանդիսացել եմ Հայաստանի զինված ուժերի զինծառայող։ 2020 թվականին ծանոթացել եմ ֆեյսբուքյան էջով Ադրբեջանի հատուկ ծառայողների հետ, ինձ տվել են հանձնարարություն, որ կատարեմ Հայաստանի Հանրապետության մարտական հենակետերի, զորամասների և զենքերի տեսակների և զինվորների քանակների տվյալներ։ Եվ ես տվել եմ տվյալները և ստացել եմ տարբեր տեսակի գումարներ», - ԱԱԾ-ի տարածած տեսանյութում ասում է կալանավորվածներից մեկը։

Ադրբեջանական լրատվամիջոցներն այս բացահայտմանը այլ տեսանկյունից են նայում՝ ընդգծելով, թե Հայաստանն ընդունել է ադրբեջանական հետախուզության մեծ հաջողությունը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում։

Այս քրեական գործը գուցե հարուցելու կարիք չլիներ, եթե պատերազմի ժամանակ իրավապահները աչալուրջ լինեին, կարծում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Նա հիշում է պատերազմի օրերին անընդհատ տարածվող լուրերը ռազմի դաշտում տիրող ամենաթողության, դավաճանության մասին։ Հարցնում է՝ ինչո՞վ էր զբաղված այն ժամանակ ԱԱԾ-ն։

Նինա Կարապետյանց

«Իրականում Ազգային անվտանգության ծառայության բուն ֆունկցիան կայանում է նրանում, որ պիտի զբաղվի հակահետախուզությամբ։ Այստեղ ավելի կարևոր հարց է ոչ թե ի՞նչ էր անում պատերազմի ընթացքում, այլ ի՞նչ էր անում պատերազմից առաջ։ Որովհետև բազմաթիվ հայտարարություններ կային, որ խոսքը շարքային կամ ցածր սպայական կոչումներ ունեցողների մասին չէր, խոսքը մինչև անգամ գեներալիտի շրջանում դավաճանության մասին էր գնում։ Եվ ես առնվազն գոնե չեմ տեսել այդ գեներալների, այդ բարձր ստատուս ունեցող սպաների ձերբակալություն կամ իրենց վերաբերյալ քրեական գործերի հարուցում, կամ դրա մասին «բուռն ծափահարություններով» հրապարակումներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարապետյանցը։

Ըստ քրեական գործի, օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների, որոնք հնարավորություն են ունեցել մուտք գործել Հայաստանի և Արցախի զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի փաստաթղթերի ու տեղեկությունների, որոնք էլ գումարի դիմաց փոխանցել են օտարերկրյա հետախուզությանը։

Վերջինիս ներկայացուցիչները կանանց անունով համացանցում կեղծ հաշիվներ են բացել, այդպես կապ հաստատել հայ զինվորականների հետ։ Մեղադրյալներն ունեն հանրային պաշտպաններ, որոնք դեռևս մեկնաբանություններ տալ չեն ցանկանում։

ԱԱԾ հրապարակած տեսանյութերում որպես ապացույց են ներկայացվում մեղադրյալների հեռախոսներից վերցված զորամասերի, դիրքերի տարբեր նկարներն ու տեսանյութերը, գումարի փոխանցման ստացականներ։

«Մասնակցել եմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմին։ Պատերազմի ընթացքում այդ աղջիկը ինձնից պահանջել է իմ տեղակայման վայրը, զորքերի թվաքանակը, ես տրամադրել եմ Լաչինի շրջանի Իշխանաձոր գյուղից Ծաղկահովիտ մատույցների մեր զորքերի կոորդինատները։ Դրանից հետո ԱԹՍ-ներով հրետակոծել են ադրբեջանցիք»։

«Այս ամենի հետևանքով հակառակորդին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության և այլնի մասին, անգամ՝ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները, ինչից հետո անօդաչու թռչող սարքերի և հրետանային տարբեր զինատեսակների օգտագործմամբ ադրբեջանական զինուժը կատարել է տեղային հստակ խոցումներ, վնասել է հայկական զորամիավորումները»,- հաղորդում է գործը քննող Ազգային անվտանգության ծառայությունը։

Իրավապաշտպան Կարապետյանցը կասկածներ ունի, որ հանրության շրջանում վստահություն չվայելող Ազգային անվտանգության ծառայությունը հատկապես պատերազմի օրերին իրականացրել է հենց ազգային անվտանգությանն ուղղված գործողություններ։

Նման հնարավոր վտանգները կարող էին չեզոքացվել, եթե կառույցում վեթինգ իրականացվեր, կարծում է Կարապետյանցը։ Փոխարենը երկրի անվտանգությունն ապահովող այդ կառույցում Նիկոլ Փաշինյանն իր իշխանության 2,5 տարում հասցրեց 5 տնօրեն փոխել։

Հանուն արդարության, ԱԱԾ-ն պետք է պարզի դավաճանության ողջ շղթան՝ ընդհուպ վերադասի մասնակցությունը այդ ծանր հանցագործությանը, ասում է իրավապաշտպանը. - «Շատ ավելի լավ կլիներ, եթե իմանայինք, որ կան բարձրաստիճան սպաներ և իրենց պատասխանատվության են ենթարկելու մինչև վերջ»։

Այս գործից բացի, իրավապահները քննում են նաև պատերազմին վերաբերող դավաճանության այլ գործեր։ Այդ դեպքերում ևս, ըստ իրավապահների, պարզվել է, որ մարտական գործողություններին մասնակցած անձինք պատերազմի ժամանակ հավաքագրվել և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել ռազմավարական նշանակություն ունեցող տվյալներ ու փաստաթղթեր։