Հունաստանը վերահաստատել է դիրքորոշումը Սերբիայի ու Կոսովոյի հարցում

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը վերահաստատել է Աթենքի աջակցությունը Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունների նորմալացմանը։ Բելգրադ կատարած այցի ընթացքում նա ասել է, թե Հունաստանը կցանկանար երկու կողմերի համար փոխշահավետ կարգավորում տեսնել։

«Ինչ վերաբերում է Կոսովոյին և Բելգրադի ու Պրիշտինայի միջև երկխոսությանը, ես կցանկանայի հստակ լինել՝ իմ երկրի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Մենք ցանկանում ենք, որ ձեռք բերվի իրավական պարտավորեցնող համաձայնություն, որը կհամապատասխանի երկու կողմերի շահերին և Բալկաններում համագործակցության բարենպաստ մթնոլորտ կստեղծի»,- ասել նա փետրվարի 16-ին Բելգրադում, Սերբիայի նախագահի հետ կայացած մամուլի համատեղ ասուլիսում։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ասել է, որ Հունաստանը հասկանում է Սերբիայի դիրքորոշումը, այն է՝ երկխոսությունը պետք է հանգեցնի փոխզիջումային լուծման։

«Մենք սառեցված հակամարտություններ չենք ցանկանում, մենք կարգավորման ենք ձգտում, բայց լուծումը պետք է փոխզիջումային լինի, այլ ոչ թե դրսից պարտադրվի Սերբիային ու սերբ ժողովրդին»,- ասել է Վուչիչը։

Սերբիան ու նրանից անջատված Կոսովոն 2013-ին պարտավորվել են Եվրամիության հովանու ներքո երկխոսություն սկսել, բայց մինչև հիմա աննշան առաջընթացի են հասել։