Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և գիտական ու փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում, ըստ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի, մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Հայ և թուրք բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը երկրորդ անգամ կհանդիպեն փետրվարի 24-ին Վիեննայում։ Առաջին հանդիպումը Մոսկվայում էր հունվարի 14-ին։ Հայկական կողմը հայտարարել է, որ այս անգամ առավել առարկայական քննարկում է ակնկալում սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ։
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նաև Թուրքիայի բարձր ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Անկարայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ ընթացող կառավարության նիստում քննարկվում է նաև հատուկ ներկայացուցիչների մակարդակով տարվող հայ-թուրքական բանակցությունների ներկայիս վիճակը: