Ադրբեջանցի մի խումբ որդեկորույս մայրեր այսօր բողոքի ակցիա են իրականացրել երկրի նախագահի նստավայրի մոտ՝ իրենց որդիներին «շեհիդի» (պատերազմում զոհված ) կոչում շնորհելու պահանջով։
«Ասում են՝ նրանք ինքնասպան են եղել, այդ պատճառով էլ «շեհիդի» կարգավիճակ չի կարող շնորհվել։ Որդիս կես տարի ծառայել է Մուրովդաղում, մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Զորացրումից 6 օր առաջ մեզ ասել են, թե նա ինքնասպան է եղել», - «Թուրան» գործակալությանը պատմել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Լրատվամիջոցը նշում է, որ բողոքի ակցիայի մասնակից կանայք դիմել են տարբեր ատյաններ, սակայն՝ ապարդյուն։
Հաղորդվում է, որ ակցիայի ընթացքում ձերբակալվել է տեղում աշխատող երկու լրագրող։
Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ անցած շաբաթ էլ բողոքի ակցիա են իրականացրել 44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցները։ Վետերանները պահանջում են գնահատել իրենց մասնակցությունը մարտական գործողություններին՝ տրամադրելով հատուկ կարգավիճակ և շքանշան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցները ցույց են անցկացնում Ալիևի նստավայրի մոտ