Երեկ ուշ երեկոյան Վրաստանում և Հայաստանում 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժը, Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, հիմնականում զգացվել է Երևանում, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում։ Փլուզումներ եղել են, սակայն ոչ մեծ ծավալների։ 5 դեպք միայն մայրաքաղաքում, մասնավորապես Վարդաշենում և Արցախի փողոցում շենքերից քարեր են թափվել, մի քանի բնակարաններում ճաքեր են առաջացել։
Երեկվա երկրաշարժին արդեն 160-ից ավելի հետցնցումներ են հաջորդել։ Մասնագետները մեծ վտանգ դրանցում չեն տեսնում։ Այդուհանդերձ, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը ընդգծում է, որ երեկվա երկրաշարժը 5,2 մագնիտուդով «չափավոր ուժեղ էր», 88-ի երկրաշարժից հետո ամենահզորը. - «Այո, այս մեկը դառնում է Սպիտակից հետո ուժեղ երկրաշարժը, բայց այս երկրաշարժը սովորական երկրաշարժ է, շատ բնորոշ։ Պարզապես քանի որ մագնիտուդը բարձր է, շատ մարդ զգացել և վախեցել է։ Մյուս կողմից, կարծես թե 5,2-ը քիչ չի, բայց, փառք Աստծո, մեծ որևէ հետևանքներ չկան»։
Սակայն անգամ փոքր փլուզումները լուրջ վտանգ կարող են դառնալ հատկապես վթարային շենքերի համար։
Վարդաշենի 6-րդ փողոցի 68ա շենքը հենց դրանից մեկն է։ Այս անգամ երկորդր հարկի պատշգամբից են քարեր թափվել, թարմ են դեռ ճիշտ մեկ տարի առաջվա երկրաշարժի հետքերը, որոնք տեսանելի են անգամ ոչ մասնագետներին։ Բնակիչների պնդմամբ, մեկ տարվա ընթացքում ոչ մի աշխատանք չի կատարվել շենքը ամրացնելու, բնակիչներին այլ վայր տեղափոխելու համար, միայն թղթաբանություն՝ 3-րդ կարգից 4-րդ կարգի վթարային են անվանափոխել։
«Ահ ու սարսափով ապրում ենք», - ասում են նրանք։
88-ի երկրաշարժից հետո դեռևս աղետի հետքերը ամբողջովին չվերացրած Շիրակի մարզում էլ ահաբեկված մարդիկ գիշերը լուսացրել են փողոցում։ Այստեղ ևս հատկապես անելանելի վիճակում են հայտնել վթարային շենքերում բնակվող գյումրեցիները։
«Ես չգիտեմ վտանգը կանցնի՞, թե՞ նորից կկրկնվի։ Նույնիսկ ամոթ է... Մարզպետարան եմ գնալու ու դուրս չգամ», - «Ազատությանն» ասաց գյումրեցի մի կին։
Պատկերը նույն էր նաև Լոռու մարզում. փոքր փլուզումներ՝ առաջին հայացքից, սակայն արդեն իսկ մաշված ու քայքայված շենքի համար անդառնալի վտագնավոր հետևանքեր։
«Ճիշտն ասած, մի քիչ բարձիթողի վիճակ ա։ Ով ոնց ուզում ա, իրա տանը ձևափոխություններ ա կատարում, կապիտալ պատը կարա քանդի, ձևափոխի ու շենքի ամրությունը գցում են», - ասաց մի տղամարդ։
Խորհրդային տարիներին կառուցված շենքերը չեն դիմանա ավելի ուժգին ցնցումներին
Սեյմոլոգները բազմիս նշել են, որ ոչ միայն վթայիան, այլ առհասարակ խորհրդային տարիներին կառուցված շենքերը չեն դիմանա ավելի ուժգին ցնցումներին։ Դրանք կառուցվել են այլ չափանիշներով՝ փաստացի հաշվի չառնելով տարածաշրջանային սեյսմիկ վտանգները։ Խորհրդային տարիներին շենքերը կառուցվել են 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժերի դիմակայելու համար, մինչդեռ, ըստ մասնագետների, պետք է կառուցվեին 9-10 բալի համար։
Սեյսմիկ պաշտպանության ծառանության տնօրենը ընդունում է, որ սեյսմիկ առումով խորհրդային տարիներին կառուցված շենքերը խոցելի են. - «
Անդրադառնալով նախօրեին հայ-վրացական սահմանին տեղի ունեցած երկրաշարժին և դրա հետևանքներին՝ Մարգարյանը ընդգծեց, որ Վրաստանում և Հայաստանում երկրաշարժը 6-7 բալ ուժգնությամբ է գրանցվել, օջախի 10 կմ խորությամբ, 5,2 մագնիտուդով, ինչը, ըստ մասնագետի, համարվում է չափավոր ուժեղ. - «Խնդիրների մեծ մասը գալիս է այդտեղից։ Բոլորս էլ հասկանում ենք, որ դա ծախսատար, ժամանակատար խնդիր է։ Ինչ վերաբերում է այսօր տեղի ունեցող կառուցապատմանը, նշեմ, որ նախ մեր մասնագետները իհարկե մասնակցում են նախագծային աշխատանքներին, վերլուծությանը և այլն, բայց ամբողջ դաշտը Քաղաքաշինության կոմիտեի կողմից է իրականացվում՝ շինթույլտվություն և այլն։ Շատ փորեցին, քիչ փորձեցին... մեզ էլ են շատ զանգում բնակիչները, բայց կարելի է մեծ վստահությամբ ասել, որ չեմ կարծում, որ մեծ խախտումներ կանեն, որովհետև դա բերում է հետագա քայլերի։ Այսինքն՝ փորում են այնքան, ինչքան որ թույլատրվում է»։
Ի դեպ, բավական է 10 րոպե շրջել քաղաքում և տեսնել տասնյակ ձևախեղված շենքեր՝ մեկը պատշգամբն է առաջ բերել, մյուսը ևս մեկ հարկ է կառուցել, երրորդը նկուղն ավելի է փորել: Պետական կառույցները մեղավորին տարբեր վայրերում են փնտրում։ Շտապում են միայն հանգստացնել՝ նոր շինությունները 9-10 բալ ուժգնությամբ երկրաշարժերը հաշվի առնելով են կառուցվում, իսկ թե հների հետ ինչ պետք է լինի, գերատեսչությունները հստակ պատասխան չունեն։