Այսօր սկսվում է Մյանմայի նախկին ղեկավար Աուն Սան Սու Չժիի դատավարությունը

Մյանմայի գահընկեց արված քաղաքացիական լիդեր Աուն Սան Սու Չժին, արխիվ

Այսօր Մյանմայում մեկնարկում է երկրի նախկին քաղաքացիական լիդեր, զինվորականների կազմակերպած պետական հեղաշրջման ընթացքում գահընկեց արված ու կալանավորված Աուն Սան Սու Չժիի դատավարությունը:

Նախկին քաղաքացիական լիդերին մեղադրում են 2020 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ընտրություններում իր առաջնորդած «Ազգային լիգա հանուն դեմոկրատիայի» դաշինքի հաղթանակը կեղծիքներով ապահովելու համար:

Դատավարությունն ընթանում է Մյանմայի մայրաքաղաք Նայպիտավում: Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր, 76-ամյա Աուն Սան Սու Չժիին ներկայացված են նաև ավելի քան տասը հոդվածներով այլ մեղադրանքներ, որոնցով նա արդեն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

Միջազգային համայնքը «շինծու» է համարում մեղադրանքները և պահանջում է անհապաղ ազատ արձակել Մյանմայի նախկին ղեկավարին ու նրա հետ հեշաշրջման օրերին ձերբակալված բազմաթիվ այլ պաշտոնյաներին, ինչպես նաև զանգվածային բողոքների օրերին բանտեր նետված հարյուրավոր հանրային ակտիվիստներին:

Զինվորականները հեղաշրջումն իրականացրել են անցյալ տարվա փետրվարի 1-ին: Աուն Սան Սու Չժիին կալանքի տակ են վերցրել հեղաշրջումից մի քանի ժամ առաջ:

Այդ օրը ձերբակալվել են բարձրաստիճան տասնյակ ղեկավարներ, երկրում տեղի են ունեցել դեմոկրատիան վերականգնելու պահանջով ցույցեր: Բանակի և ոստիկանների հետ բախումներում զոհվել են հարյուրավոր մարդիկ:

Վերլուծաբանների համոզմամբ, զինվորական լիդերների նպատակն է ամեն ինչ անել, որ Աուն Սան Սու Չժին այլևս երբեք չվերադառնա քաղաքական ասպարեզ: