Հռոմի Ֆրանցիսկոս պապն աղոթում է Ուկրաինայում խաղաղության համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձը, Վատիկան, արխիվ:

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր կիրակնօրյա ավանդական պատարագից հետո, ուղերձով դիմելով Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, աղոթել է Ուկրաինայում խաղաղության համար:

«Ուկրաինայից ստացվող լուրերը մեծ տագնապ են առաջացնում, հանուն խաղաղության բոլոր ջանքերը վստահում եմ Մարիամ Աստվածածնի բարեխոսությանը և քաղաքական լիդերների խղճին, աղոթենք լռության մեջ»,- ասել է կաթոլիկ քահանայապետը:

Նրա նախաձեռնությամբ հունվարի 26-ը հայտարարվել էր Ուկրաինայի շուրջ իրավիճակի կապակցությամբ Խաղաղության համար աղոթքի օր:

Քահանայապետը բազմիցս է անդրադարձել Ուկրաինայի հարցին և կոչ է արել «միջազգային երկխոսությամբ կարգավորել ճգնաժամը»:

2016 թվականին Ֆրանցիսկոս պապը դրամահավաք էր նախաձեռնել Ուկրաինայի արևելքում բախումներից տուժած խաղաղ բնակիչներին օգնելու համար: