Հարևան Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակման շուրջ աճող մտահոգությունների ֆոնին Ուկրաինայի կառավարությունը կոչ է անում քաղաքացիներին պահպանել հանդարտությունը և միասնականությունը, հավաստիացնելով, որ երկրի զինված ուժերը պատրաստ են կանխել ցանկացած հարձակում։
Նախօրեին մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին հորդորել են անհապաղ լքել Ուկրաինան ռուսաստանյան զինուժի կողմից լայնածավալ հարձակման մտավախությունների պատճառով։
«Այս պահին ծայրաստիճան կարևոր է պահպանել հանդարտությունը և միասնականությունը երկրի ներսում, խուսափել քայլերից, որոնք խարխլում են կայունությունը և խուճապ սերմանում»,- ասվում է Ուկրաինայի արտգործնախարարության հայտարարությունում։
Ռուսաստանը ավելի քան 100 հազար զինվորական և ռազմական տեխնիկա է կենտրոնացրել Ուկրաինայի սահմաններին, նախօրեին Վաշինգտոնը զգուշացրել է, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է հարձակվել։ Մոսկվան կտրականապես հերքում է և պնդում, որ իրավունք ունի սեփական զորքը տեղակայել Ռուսաստանի ցանկացած վայրում: