Նիդերլանդների, Չերնոգորիայի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կառավարություններն իրենց քաղաքացիներին հորդորում են չմեկնել Ուկրաինա, իսկ այդ երկրում արդեն գտնվողներին կոչ են անում անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը:
Կիևում Նիդերլանդների դեսպան Յենես դե Մոլը նախազգուշացրել է, որ «կենտրոնացված տարհանում չի նախատեսվում» և խորհուրդ է տվել հնարավորինս արագ հեռանալ Ուկրաինայից:
Նմանօրինակ ուղերձով է հանդես եկել նաև Չերնոգորիայի արտաքին գերատեսչությունը:
Հարավային Կորեան վտանգավորության «կարմիր աստիճան» է սահմանել Ուկրաինայի պարագայում և արգելել է ուղևորություններն այդ երկիր:
Նույն վճիռն է կայացրել Ճապոնիայի կառավարությունը, որը հայտարարել է, թե «Ռուսաստանի ռազմական հզորության ավելացման հետևանքով Ուկրաինայում անկանխատեսելի իրավիճակ է ստեղծվել»:
Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայրենակիցներին խորհուրդ է տվել չմեկնել Ուկրաինա, իսկ այդ երկրներում գտնվող ամերիկացիներին կոչ է արել «հիմա հեռանալ»:
«Իրավիճակը կարող է շատ արագ դուրս գալ վերահսկողությունից»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Իսրայելը ոչ միայն իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Ուկրաինա կամ հեռանալ Ուկրաինայից, այլև արդեն սկսել է այդ երկրից դեսպանատան աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների տարհանումը: