Ուկրաինայի կառավարությունը մտադիր է մարտ ամսից նախաձեռնել հատուկ դասընթացներ և վարժանքներ, որոնց ընթացքում մարտական ծառայության կպատրաստվեն պահեստազորի 1.5-ից 2 միլիոն անդամները: Դասընթացները տեղի են ունենալու տարածքային պաշտպանության զորամասերում:
«Մեզ հետաքրքրում են 1.5-ից 2 միլիոն մոտիվացված քաղաքացիներ, ովքեր պատրաստ են պաշտպանել իրենց տունը, ընտանիքը և հայրենիքը, մենք պետք է պատրաստենք նրանց»,- ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին:
Այդ մասին նա խոսել է Խարկովում անցկացված տեղական և շրջանային իշխանությունների համագումարի նախագահության նիստում: Նրա ելույթի մասին հաղորդագրությունը տարածել է նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը:
Զալուժնիի խոսքով, մարտ ամսից սկսած ամբողջ երկրում կմեկնարկեն պահեստազորի անդամների զանգվածային դասընթացները:
«Այս ամենի նպատակն է ապահովել, որ դիմադրություն լինի ամենուր՝ յուրաքանչյուր քաղաքում, գյուղում, փողոցում և տանը»,- հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը: