Այսօր Մոսկվա այցելած Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն ասել է, թե Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հավաստիացնում են, որ Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել Ուկրաինայի վրա:
«Մենք լսել ենք պարոնայք Շոյգուի և Գերասիմովի հավաստիացումները, որ Ուկրաինայի վրա հարձակում չի լինի: Մենք նրանց կոչ ենք արել երկխոսությամբ կարգավորել Ռուսաստանին անհանգստացնող բոլոր խնդիրները»,- Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Ուոլեսը:
Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում վերահաստատել է ՆԱՏՕ-ի դիրքորոշումն առ այն, որ ցանկացած երկիր ունի դաշնակիցներին ընտրելու իրավունք:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները բարելավվելու և փոխադարձ վստահությունն ամրապնդելու հնարավորությունները»,- ասել է Ուոլեսը:
Նրա խոսքով, անհրաժեշտ է զարգացնել կապի առկա միջոցները: «Պետք է այնպես անել, որ աշխատեն ոչ միայն քաղաքական լիդերների, այլև բարձրաստիճան զինվորական ղեկավարների միջև հատուկ կապի միջոցները»,- նշել է Բրիտանիայի պաշտպանության նախարարը: