Ջո Բայդենը Կանադայի և եվրոպական երկրների ղեկավարների հետ քննարկելու է Ուկրաինայի խնդիրը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եվրոպայի լիդերների հետ քննարկում է Ուկրաինայի խնդիրը, արխիվ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 24 հունվարի, 2022թ.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջիկա ժամերին Կանադայի և եվրոպական պետությունների ղեկավարների հետ քննարկելու է Ուկրաինայի ճգնաժամը:

Ըստ Սպիտակ տան, տեսակապով անցկացվելիք քննարկումներին մասնակցելու են Կանադայի վարչապետը, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի ղեկավարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Սպիտակ տունը նշել է, որ լիդերները քննարկելու են «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի զինված ստորաբաժանումների շարունակվող հզորացումը և առճակատումը զսպելուն ուղղված աշխատանքի համակարգումը»:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Բայդենն այսօր Սպիտակ տանն Ուկրաինայի թեման քննարկել է ազգային անվտանգության հարցով խորհրդականների հետ:

Վերջին ժամանակաշրջանում Կիևը և արևմտյան մայրաքաղաքները նշում են, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա: