Կիևը Մոսկվայից պահանջում է 48 ժամում պարզաբանումներ տալ Ղրիմում և սահմանամերձ շրջաններում ռազմական ակտիվության վերաբերյալ

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, արխիվ

Կիևը Մոսկվայից պահանջել է 48 ժամում մանրամասն պարզաբանումներ տալ Ղրիմում և սահմանամերձ շրջաններում իրականացվող ռազմական ակտիվության վերաբերյալ:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ այդ պահանջը ներկայացվել է վտանգները չեզոքացնելու մասին Վիեննայի պայմանավորվածության համաձայն:

«Մենք պաշտոնապես կիրառում ենք վտանգի նվազեցման մեխանիզմը, համաձայն Վիեննայի փաստաթղթի երրորդ հոդվածի մենք դիմել ենք Ռուսաստանի Դաշնությանը և պահանջել ենք մանրամասն տեղեկություններ տրամադրել ժամանակավոր բռնազավթված Ղրիմի տարածքում և Ուկրաինային հարող շրջաններում ռուսական կողմի ծավալած ռազմական ակտիվության վերաբերյալ»,- Թվիթերի էջում հայտնել է նախարար Կուլեբան, նշելով, որ Ռուսաստանը պատասխանի համար ունի 48 ժամ:

«Պատասխան չստանալու կամ անբավարար և թերի պատասխանի պարագայում Ուկրաինան կդիմի Ռուսաստանին և Վիեննայի փաստաթղթին միացած մնացած երկրներին և կպահանջի գումարել արտակարգ ժողով, որի ընթացքում Ռուսաստանը պարտավոր կլինի պարզաբանումներ ներկայացնել»,- հայտնել է Կուլեբան:

Վիեննայի փաստաթուղթը կնքվել է ԵԱՀԿ նախաձեռնությամբ և ենթադրում է, որ տարատեսակ զինված միջադեպեր կանխելու համար երկրները պարտավոր են տեղեկություններ փոխանակել Եվրոպայում զորքերի քանակի, դրանց տեղաշարժի և ռազմական այլ ակտիվության վերաբերյալ: