Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է, որ Թեհրանը երբեք հույսը չի դրել Վիեննայում միջուկային խնդրով բանակցությունների վրա:
«Մեր հույսն Աստված է, Խուզեստանը, Խորասանը, Ադրբեջանը {Իրանում այդ անվամբ տարածքը}, մեր հույսն ուղղում ենք արևելք, արևմուտք, հյուսիս ու հարավ, բայց երբևէ հույս չենք կապել Վիեննայի կամ Նյու Յորքի հետ»,- հայտարարել է Ռայիսին:
Այդ մասին Ռայիսին ասել է իսլամական հեղափոխության 43-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված հավաքում:
Նախագահի ուղերձը բազմիցս ընդհատվել է «Մա՛հ Ամերիկային» կարգախոսի վանկարկումներով: Ներկաները վանկարկել են նաև «Մա՛հ Անգլիային» և «Մա՛հ Իսրայելին» կարգախոսները:
«Մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է, կողմնորոշումը դեպի արևմուտք նախկինում անհավասարակշռություն է ստեղծել, մենք պարտավոր ենք օգտագործել բոլոր հնարավորությունները և համագործակցել բոլոր երկրների, հատկապես մեր հարևանների հետ»,- ասել է Ռայիսին:
Իրանը և գերտերությունները Վիեննայի բանակցություններով փորձում են վերականգնել 2015 թվականի միջուկային պայմանագիրը, որով Իրանը պետք է սահմանափակի միջուկային ակտիվությունն, իսկ գերտերությունները դրա դիմաց պետք է աստիճանաբար չեղարկեն տնտեսական պատժամիջոցները:
2018 թվականի մայիսին Միացյալ Նահանգները հանրապետական նախագահ Դոնալդ Թրամի որոշմամբ դուրս է եկել պայմանագրից: Նրան նախագահի պաշտոնում փոխարինած դեմոկրատական Ջո Բայդենը հայտարարել է, որ նպատակահարմար է որևէ ձևաչափով վերականգնել պայմանագիրը:
Իրանի և գերտերությունների բանագնացները փետրվարի 8-ին Վիեննայում քննարկումների վերջին փուլից հետո վերցրել են տասնօրյա ընդմիջում, որի ընթացքում պետք է դիրքորոշումները հստակեցնեն իրենց պետությունների ղեկավարների հետ: