«Դոնեցկի ժողովրդական հանրապետություն» ինքնահռչակ կազմավորման ղեկավար Դենիս Պուշիլինն այսօր ասել է, որ մոտ 400 հազար բնակիչներ Ռուսաստանի Դաշնության անձնագրեր են ստացել:
Այս տարվա հունվարին Ռոստովի շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևն ասել է, որ «Դոնեցկի և Լուգանսկի {ինքնահռչակ և որևէ երկրի կողմից չնանաչված} հանրապետություններում ավելի քան 720 հազար բնակիչներ պարզեցված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2019 թվականի ապրիլի 24-ին ստորագրել է հրամանագիր, որով մարդիկ կարող են ներկայացնել հումանիտար պատճառաբանությամբ պարզեցված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու դիմումներ:
Առաջին անձնագրերը թողարկվել են 2019 թվականի հուլիսին: Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակիչները ռուսական անձնագիր ստանալու համար դիմումները ներկայացնում են Ռոստովի մարզի տեղական իշխանություններին:
Պուշիլինն այսօր նաև ասել է, որ եթե Դոնեցկի և Լուգանսկի շրջանները հարձակման ենթարկվեն Ուկրաինայի կողմից՝ Ռուսաստանի բանակը կարող է միջամտել մարդկանց պաշտպանելու համար:
Նա նաև հայտարարել է, թե Դոնբասի բնակիչները կցանկանային Ուկրաինան տեսնել Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության կազմում:
Միաժամանակ նրա խոսքով, «դրա իրականացումը կախված կլինի այն բանից, թե որքան արագ կհաջողվի Ուկրաինայում մաքրվել վերջին տարիների ռեժիմների գործունեությունից առաջացած նեոնացիստական հետևանքներից»: