Մացոնի՞, թե՞ մածուն․ հայե՞րը, թե՞ վրացիներն են առաջինը ստացել հատուկ մերանով կաթից այդ մթերքը։ Վրացական կողմը պնդում է` այդ կաթնամթերքը հայկական անվանել նույնն է, թե թանին թթու ասել։
Վեճերի առիթը լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններն էին, ըստ որի` Հայաստանում արտադրված «մածուն» մակնշմամբ կաթնամթերքը Վրաստանը թույլ չէր տվել իր տարածքով արտահանել Ռուսաստան։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ Թբիլիսին «մացոնին» գրանցել է որպես սեփական աշխարհագրական նշում։
Բուռն քննարկումը կարճ ժամանակում վերածվեց քաղաքական սկանդալի։ «Իմեդի» հեռուստաընկերությունը որոշեց չսահմանափակվել մածունի շուրջ տարաձայնություններով։ Վրացական լրատվամիջոցը մածունի արտահանման արգելքի մասին տեսանյութում օգտագործեց ապակյա տարաների կադրեր, որոնց վրա հայերեն տառերով գրված էին «Ղարաբաղն Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է»։
Սոցցանցերում կոշտ արձագանք հարուցած հայատառ այդ տեքստի բովանդակության հետ կապված լրատվամիջոցը ստիպված եղավ ներողություն հայցել։ «Ռեպորտաժի այդ հատվածը կջնջվի հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից»,- հավաստիացրել է հեռուստաընկերությունը։
Ինչ վերաբերում է բուն մացոնիին, ապա այն տասնյակ մթերքներից մեկն է, որը Վրաստանը ներառել է իր աշխարհագրական նշումների ցանկում։
«Աշխարհագրական նշում» տերմինը վերաբերում է անվանմանը, որը հայտնվում է այն ապրանքների վրա, որոնք ծագում են որոշակի աշխարհագրական տարածաշրջանից և ունեն հատկություններ կամ համբավ` պայմանավորված ծագման վայրով: Վրաստանի կառավարության հեղինակած այդ ցանկում են, օրինակ, վրացական գինիները, հանքային ջրերը, պանիրների տարբեր տեսակներ, չուրչխելան, քութաիսիական կանաչեղենը, ճաճան, ախալքալաքյան կարտոֆիլը, ինչպես նաև մացոնին։
Վրաստանի մտավոր սեփականության ազգային կենտրոնի՝ «Սակպատենտիի» նախկին ղեկավար Իրակլի Գվալաձեն նշում է, որ 2011 թվականին Վրաստանը Եվրամիությունից նման ցանկ է ստացել՝ բաղկացած հինգ հազար եվրոպական աշխարհագրական նշումներից:
«Այն ժամանակ՝ 2011 թվականին, հարց առաջացավ՝ գուցե մենք էլ պատրաստե՞նք նմանատիպ ցուցակ։ Կանոնակարգերը հստակ գրված են, այսինքն` պաշտպանված է ոչ միայն ապրանքի անվանումը։ Նույն մացոնին մի ամբողջ կանոնակարգ ունի՝ ինչ, ինչպես ... Գյուղատնտեսության նախարարությունն այն ժամանակ հստակեցրեց, որից հետո «Սակպատենտին» այդ ապրանքները գրանցեց նախ երկրի ներսում, ապա սկսվեց միջազգային գրանցումը։ Երբ 2014 թվականի օգոստոսին ուժի մեջ մտավ DCFTA-ն (Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագիրը), (Վրաստանի աշխարհագրական նշումները) տարածվեցին ԵՄ երկրներում, հետագայում դրանք գրանցվեցին Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում։ Ի թիվս այլոց, կա Ռուսաստանի հետ այդ ցուցակների փոխանակման միջազգային պայմանագիր։ Մեզ իրենցն են տալիս, մենք՝ մերը»,- պարզաբանել է Վրաստանի կառավարական գործակալության նախկին ղեկավարը։
2011 թվականին Հայաստանի մտավոր սեփականության հարցերով լիազոր մարմինը «մացոնի» անվան գրանցման դեմ առարկություն էր ներկայացրել Եվրամիության և Վրաստանի համապատասխան մարմիններին՝ պատճառաբանելով, որ անվանումը կարող է շփոթել Հայաստանում արտադրվող մածունի հետ։ Պաշտոնական Թբիլիսին, սակայն, այդ առարկությունն անտեսել էր։ Այն ժամանակ էկոնոմիկայի նախարարի խոսնակ Գայանե Անտոնյանը «Արմենպրեսին» ասել էր, որ հայկական կողմը օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել, որոնք թույլ կտան գյուղատնտեսության ոլորտը համակարգող լիազորված պետական մարմնին գրանցել աշխարհագրական նշումները՝ ի տարբերություն գործող դրույթի, որ աշխարհագրական նշումներ կարող են գրանցել միայն արտադրողները։
«Օրենքի փոփոխությունը թույլ կտա «մածուն» անվանումը գրանցել Հայաստանի Հանրապետությունում՝ որպես աշխարհագրական նշում։ Բայց վերոնշյալ անվանումով ապրանքը Վրաստանի տարածքով կարող է արտահանվել այլ երկրներ միայն Վրաստանի հետ աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պաշտպանության մասին պայմանագիր կնքելուց հետո»,- ասել էր Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարարի խոսնակը։
Աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման համաձայնագրի կնքման շուրջ հայ-վրացական բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի տարի, նշել է Վրաստանի «Սակպատենտիի» նախագահի պաշտոնակատար Մանանա Պրուիձեն՝ հավելելով, որ «ենթադրվում է, որ հարցը պետք է լուծվի այս տարվա ընթացքում»։
«Առաջարկի տեքստն արդեն ուղարկել ենք Հայաստան։ Անցյալ տարի տեղի ունեցավ միջգերատեսչական կառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում մենք՝ կողմերը, պայմանավորվեցինք, որ աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման տեքստի վրա աշխատանքները կսկսվեն այս տարի։ Ինչ վերաբերում է կոնկրետ մացոնիին, ապա հայկական կողմն իր դիրքորոշումներն ունի։ Այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ կկարողանանք համաձայնության գալ այս հարցում, և կճանաչվի, որ սա վրացական աշխարհագրական նշում է։ Բայց այս ամենը, իհարկե, բանակցությունների առարկա է և կլուծվի բանակցությունների ընթացքում»,- հայտարարել է վրաց պաշտոնյան։
Մասնագետների շրջանում, սակայն, չեն շտապում մածնին սև ասել: Վրաստանի Գրականության թանգարանի տնօրեն Լաշա Բաքրաձեն «Ազատության» վրացական ծառայության հետ զրույցում նշում է, որ տարբեր աղբյուրների համաձայն` մացոնի բառն ունի հայկական ծագումնաբանություն։ Պաշտոնյան մեջբերել է Բակար Գիգինեիշվիլիի բառարանը, որն ի թիվս այլոց, վկայակոչում է Հրաչյա Աճառյանին` հայերենից թարգմանաբար «մածուն» նշանակում է թթու կաթ։