Բեռլինում «Նորմանդյան քառյակի» բանակցությունները ձախողվել են

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը և Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը

«Նորմանդյան քառյակի» ձևաչափով Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների քաղաքական խորհրդականների երեկվա բանակցությունները Բեռլինում արդյունք չեն տվել:

Գերմանիայի կառավարության խոսնակ Ֆոլֆգանգ Բուխները բանակցություններից առաջ ասել է, թե բոլոր կողմերը տրամադրված են առաջխաղացում գրանցել: Սակայն քննարկումները, փաստորեն, ձախողվել են:

Ռուսաստանցի բանագնաց, նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակն այսօր ասել է, թե Ուկրաինայի իրավիճակի կարգավորումը հայտնվել է փակուղում:

«Դժբախտաբար, այսօր փակուղի է: Ես համոզված եմ, որ միակ ճիշտ ուղին «Նորմանդյան» ձևաչափն է, անհրաժեշտ է, որ գործընկերները կենտրոնանան և ձևակերպեն կոնկրետ գաղափարներ, որոնք թույլ կտան ավարտել կոնֆլիկտը»,- ասել է Կոզակը:

Ուկրաինացի բանագնաց, նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն, իր հերթին, պնդել է, որ առաջնահերթությունը կայուն հրադադարի հաստատումն է:

«Մենք համոզված ենք, որ պետք է այսօր խոսել անվտանգության երաշխիքների մասին, պետք չէ սպասել, առանց հրադադարի Ուկրաինայում չի լինի անվտանգության եվրոպական համակարգ»,- ասել է Երմակը:

Նորմանդյան ձևաչափը ստեղծվել է 2014 թվականի հունիսին Ֆրանսիայում, որտեղ Երկրորդ աշխարհամարտում Նորմանդիայում արևմտյան դաշնակիցների ափհանման գործողության 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի լիդերները պայմանավորվել են բանակցել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման շուրջ: