Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարում են, որ չեն մասնակցի իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ հստակ է, որ քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու։
Համատեղ հայտարարությունում ընդդիմադիր խմբակցությունները նշում են՝ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովների ստեղծումը ընդդիմադիր ուժերի հիմնական գործիքակազմերից է՝ հիմնավորելով՝ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները։
«Դրա անհնարինության ապացույցն է նաև իշխանության և նրա ուղղակի ցուցումները կատարող ու գործադիր իշխանության մաս կազմող իրավապահ մարմինների` մեկ միասնական դիրքորոշմամբ հանդես գալը։ Չնայած այս պարզ ճշմարտությանը` իշխանությունը, որը հրապարակավ հայտարարել է, որ աղետալի պատերազմի հետևանքների «թիվ մեկ մեղավորը» և «թիվ մեկ պատասխանատուն» հենց ինքն է, իր գլխավորությամբ ստեղծում է քննիչ հանձնաժողով։ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը` իր նախագահությամբ, որի կազմում գործելու է քննիչ հանձնաժողովը, առհասարակ զուրկ է որևէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից, այդ թվում՝ առկա են մասնակցության անհնարինության հիմքեր հանձնաժողովի նախագահի պարագայում», - ասված է հայտարարությունում։
Ընդդիմադիր երկու խմբակցությունները միևնույն ժամանակ հայտնում են, որ 44-օրյա աղետալի պատերազմի արդյունքների մեղավորների բացահայտումը մնում է իրենց գլխավոր առաջնահերթություններից մեկը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեղծվել է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով. «Պատիվ ունեմ»-ը չի մասնակցի