Լիտվայի նախագահը հայտնել է, որ իր երկիրը խնդրելու է ԱՄՆ-ին մշտական հիմունքներով զորքեր տեղակայել իր տարածքում։
Գիտանաս Նաուսեդայի հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ արևմտյան դաշնակիցները փորձում են ուժեղացնել անվտանգությունը տարածաշրջանում՝ Ռուսաստանի ռազմական մտադրությունների վերաբերյալ մտահոգությունների պատճառով: Այժմ ամերիկացի զինվորականները գտնվում են բալթյան այս երկրում ռոտացիոն սկզբունքով։
«Իհարկե, մենք Միացյալ Նահանգների հետ կխոսենք, որ ռոտացիոն ամերիկյան ուժերը Լիտվայում մշտապես գտնվեն», - ասել է Նաուսեդան՝ հավելելով․ - «Սա կլինի անվտանգության և զսպման լավագույն միջոցը, որը ՆԱՏՕ-ն կարող է առաջարկել ոչ միայն Լիտվային, այլև ամբողջ տարածաշրջանին»։
2019 թվականից ի վեր Միացյալ Նահանգները պարբերաբար ռոտացիոն հիմունքներով Լիտվա է ուղարկել մոտ 500-հոգանոց մարտական զորախմբեր։
Նախագահ Նաուսեդայի հայտարարությունը հնչեց նույն օրը, երբ Նիդերլանդները հայտարարեց Լիտվայում ՆԱՏՕ-ի մարտական զորախմբում իր զինծառայողների թիվը 270-ից 350-ի հասցնելու մասին: