Քարինջեցի Կարեն Սարգսյանի ականջին միայն 7 տարեկանում են հասել շրջապատի առաջին ձայները՝ լսողական ապարատի օգնությամբ։ Ավելի ուշ` երկրորդ ապարատը տեղադրելուց հետո արդեն իրեն նախկինում անծանոթ բառեր է սովորել։ Այսօր 29 տարեկանում խաչքարեր կերտելիս մուրճի ամեն մի հարված լիարժեք լսում է։
Նա արտաբերած կցկտուր, հաճախ անհասկանալի բառերով ասում է՝ «ինքն ու քարը լավ են հասկանում իրար», ու նշում, թե քանդակներ անելիս իրեն հանգիստ է զգում:
Կարենի մայրը՝ Գայանե Սարգսյանը պատմում է` միայն մեկ տարեկանից հետո են հասկացել, որ տղան չի լսում։
Հոգսերը շատ էին, ինքը` երիտասարդ, բժշկությունը՝ հատկապես գյուղում՝ չզարգացած։ 21 տարեկանում մայրացած կնոջ համար դժվար էր գլուխ հանել այդ իրավիճակում։ 90-ականների սկզբներին անգամ ստիպված էին թաքցնել փաստը, որ երեխան չի լսում։ Եթե ոչ, մի դեպքում խղճահարության էին հանդիպում, մյուս դեպքում` արհամարհանքի, մեկ այլ դեպքում` անտարբերության։
«Էն վախտ հետամնացածությունը շատ է եղել, հիմա լավ է, ամեն ինչ հասկանում են, խելքները հասնում է: Հիմա որ մեծացել է, ես այդ դժվարություններն եմ արդեն հանդիպում, զգում եմ, որ մենք սխալ ենք արել: Եթե էս խելքով էի եղել, ես սենց հանգիստ չէի նստի էն ժամանակվա պես», - ասում է նա:
Գայանեն ափսոսում է՝ տղան խելացի է, կարող էր կրթություն ստանալ, իր կյանքը լիարժեք ապահովել, բայց մտածել են, թե լսողական խնդիրներով ի վիճակի չի լինի դրան հասնելու։ Ընդհանուր հանրակրթությունը նախատեսված չէր լսողական խնդիրներով երեխաների համար։ Արգելքներ կային։ Տղան պետք է քաղաքում, ծնողներից հեռու ապրեր ու հատուկ դպրոցում կրթություն ստանար։ Մանկատան նման մի բան էր իրենց համար, հրաժարվել են դրանից, ասում է Գայանեն. «Ինքը փաստաթուղթ չուներ, որ գնար, իրեն թույլ չէին տալիս այն ժամանակ, որ գնա դպրոց, ծանոթով ժողկրթբաժնից թույլտվություն վերցրինք, որ ինքը գնա դպրոց, երկու տարի նույն դասարանում մնաց: Հատուկ դպրոցներ կային, որ պետք է այդ հատուկ դպրոց տանեինք, մենք էլ այդ հնարավորությունը չունեինք: Մենք պետք է տեղափոխվեինք, իմ խիղճը չտվեց, որ տանեմ իրեն, բրախեմ մի դպրոցում, ես չտարա, ասի` ավելի լավ է, ստեղ գնա, իր քույրիկի հետ գնացել է, եկել դպրոց»:
Այսօր արդեն դպրոցներում նման երեխաների նկատմամբ հատուկ ուշադրություն կա։ Ասում է, թե իրենց համար արդեն ուշացած կանոնները գոնե ուրիշների օգտին կլինեն. «Հիմա արդեն թույլ են տալիս այս ձևի երեխեքը նորմալ երեխեքի հետ դպրոց գնան, բայց այն ժամանակ իրեն փաստաթուղթ էլ չտվեցին: Ինքը 7-8 տարի դպրոց գնաց, բայց ավարտական փաստաթուղթը չունեցավ»:
Կարենը Վանաձորում հայտնի քանդակագործների մոտ է ձեռք բերել առաջին հմտությունները։ Մայրը շեշտում է՝ դպրոցում կրթություն չստացավ, անգամ սովորած 7-8 տարիները չփաստաթղթավորվեցին, բայց տառերը գիտի, համակարգչով կարողանում է շփվել իր պատվիրատուների հետ, գովազդել իր քանդակները։ Համոզված է, որ գոնե իր անելիքը լիարժեք կունենա։ Այն, ինչ բաց է թողել մանկության տարիներին, կարող է ստանալ արդեն հասուն տարիքում։ Վերջերս է լոգոպեդի մոտ անցել առաջին կուրսերը։ Ամեն օր մի նոր բառ է սովորում, ավելի հեշտացնում շփումը մարդկանց հետ, ասում է. «Ինքը ոնց որ կասի` ես կանեմ, ինձ ոչ մեկն էլ պետք չի, ինքն իր ուժերի վրա լրիվ վստահ է»: