ՆԱՏՕ-ն իր արևելյան ճակատը հզորացնելու նպատակով կարող է ընդարձակել ներկայությունը Լեհաստանում և Բալթյան երեք հանրապետություններում: Դաշինքն այդ քայլին է դիմում` հաշվի առնելով Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման վտանգը: Այդ մասին ասել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի պետ, Նիդերլանդների նավատորմի լեյտենանտ-ծովակալ Ռոբ Բաուերը:
Ռուսաստանն ավելի քան 100 հազարի հասնող զորախումբ է մոտեցրել Ուկրաինայի հետ սահմանին և, բացի այդ, մոտ 30 հազար զինծառայողներ տեղակայել է Ուկրաինայի հյուսիսային հարևան Բելառուսում, որտեղ, ըստ Մոսկվայի, նախատեսված են համատեղ զորավարժություններ:
«ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է այս գործընթացներին և ուժի ցուցադրման դրսևորումներին: Մեր հետագա քայլերը կախված կլինեն ռուսների կեցվածքից, օրինակ, եթե Մոսկվան տուն վերադարձնի Բելառուս ուղարկած զինծառայողներին՝ դա մի տարբերակ է, եթե նրանք մնան Բելառուսում՝ դա միանգամայն այլ կացություն կլինի»,- ասել է Բաուերը:
Նրա խոսքով, Ռուսաստանը մինչև փետրվարի վերջ արդեն կունենա Ուկրաինա ներխուժելու համար անհրաժեշտ զինուժ, սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք կդիմի ռազմական գործողության: Մոսկվան հավատացնում է, որ նման մտադրություն չունի: