Ադրբեջանական իշխանությունները պնդում են, թե իրենց վերահսկողության տակ անցած հայկական եկեղեցիների հայատառ գրություններն ու հայկական հետքերը կեղծ են, դրանք հեռացնելու համար արդեն աշխատանքային խումբ են ստեղծել: Բաքուն Արցախի տարածքում գտնվող եկեղեցիներն աղվանական է համարում, հայտարարում, թե իբր հայերը փոփոխել ու հայկականացրել են դրանք:
Դեռ ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր այդ մասին խոսել՝ ընտանիքի հետ այցելելով Հադրութի շրջանում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Ադրբեջանի երկարամյա առաջնորդն առիթը բաց չէր թողել հերթական սպառնալիքների ու մեղադրանքների համար. «Հայերը ինչպես պղծել են մեր մզկիթները, այնպես էլ հին աղվանական տաճարներն են պղծել: Բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրությունները կեղծ են, ավելի ուշ ավելացված գրություններ են»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արա Այվազյանը հայտարարում է՝ Արցախի «հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է»Ադրբեջանական կողմն ընդգծված աղվանացման քաղաքականություն է վարում, արձագանքելով Բաքվից հնչող հայտարարություններին` ասում է Արցախի մշակույթի արդեն նախկին նախարար, ժամեր առաջ Արցախի նախագահի խորհրդական նշանակված Լուսինե Ղարախանյանը։ Պաշտոնյան մտահոգված է Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած հուշարձանների ճակատագրով։ Անհանգստության պատճառը, ասում է, Բաքվից հնչող հայտարարությունները չեն միայն, այդ փորձերը նաև գործնականում են դրսևորվում, օրինակները թարմ են։
«Գործնական դաշտում են փորձեր արվում աղվանացումը, աղվանացման թեզն առաջ տանելու համար, օրինակ` Հադրութի Սպիտակ Խաչ եկեղեցում ուդիները եկել և հոգևոր ծիսակարգ են արել: Սա ի՞նչ է, խաչերը պոկվել են եկեղեցուց, աղվանացումը միայն տեսական թեզերով չեն առաջ տանում, այսինքն` կոնկրետ գործնական քայլեր են մարդիկ անում` քրիստոնեական հետքը ջնջելու համար», - ասում է նա:
Մինչ երկրների առաջնորդների մակարդակով քննարկվում է տարածաշրջան ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու հարցը, Արցախում փորձում են հնարավոր այլ տարբերակներով ևս պաշտպանել հայկական ժառանգությունը։ Լուսինե Ղարախանյանն ասում է՝ այդ նպատակով այսօր գրություն են ուղարկել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին։ Արցախի մշակույթի նախարարությունից առաջարկում են, որ Աշոտ Սաղյանն անկախ մասնագիտական խումբ ձևավորելու խնդրանքով Ռուսաստանի գործընկերներին դիմի:
Պատմաբաններից ու այլ նեղ մասնագիտացում ունեցող փորձագետներից կազմված անկախ խումբը կարող է մեկընդմիշտ վերջ դնել ադրբեջանական նենգափոխություններին, կեղծարարություններին ու հնարավորություն ստեղծել՝ պահպանելու հայկական հետքը Արցախում, ասում է Ղարախանյանը։ Պաշտոնյան դեռ հույս չունի, որ մոտ ժամանակներս ՄԱԿ-ի գիտական և մշակութային կազմակերպությանը կհաջողվի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ այցելել ու արձանագրել այնտեղ գտնվող հայկական եկեղեցիների, հուշարձանների վիճակը։
«Պատմաբաններ ու կովկասյան Աղվանքի պատմության քաջատեղյակ մասնագետներ կան հենց կոնկրետ Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ազգային ակադեմիայում, և այդ անկախ փորձագիտական խումբը, ես համոզված եմ և հավատում եմ, որ ակադեմիան կօգնի, կաջակցի, և մենք կկարողանանք անկախ փորձագիտական հանձնաժողովի կատարած աշխատանքի միջոցով ինչ-որ արդյունքներ ունենալ», - նշեց Արցախի նախագահի խորհրդականը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը համարժեք արձագանքի Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին․ ՓաշինյանՀայկական հետքերը վերացնելու ադրբեջանական մտադրությանն այսօր նաև Հայաստանի քաղհասարակությունն է արձագանքել։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները համոզված են` Բաքվի գործողությունն ուղղված է Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության վերացմանը: Դրա արդյունքում, ըստ քաղհասարակության, նաև հարցականի տակ է դրվելու արցախահայության սեփական հողի վրա ապրելու պահանջների, նրանց իրավունքների պաշտպանության հիմքը։
Հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները կառավարությունից անհապաղ պահանջում են Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության վերացմանը միտված գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ միջոցների կիրառում պահանջելու և նախատեսվող հանցագործություններն ու հայկական մշակութային ժառանգության անդառնալի կորուստները կանխելու նպատակով, ասված է հայտարարության տեքստում։ ՀԿ-ները անհրաժեշտություն են համարում նաև դիմել ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կազմակերպելու այցելություն Արցախ և դիտարկելու ու փաստագրելու հայկական հուշարձանների առկա վիճակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաագայի դատարանը Երևանից ու Բաքվից պահանջեց կանխել ռասայական ատելության հրահրումն ու տարածումը«ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր 2021թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պահանջել է Ադրբեջանից՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների: Ադրբեջանն իր ներկայիս գործողություններով ոտնահարում է տվյալ որոշումը և ապացուցում իր վճռականությունը ավարտին հասցնելու սկսած գործը», - ասված է հայտարարության մեջ:
Հայկական եկեղեցիների ու այլ հուշարձանների վնասման, աղվանացման ու քանդման բազմաթիվ դեպքեր այդ խնդրով զբաղվող հայաստանյան խումբն է արձանագրել՝ համացանցային տեսանյութերի ու արբանյակային լուսանկարների համեմատությամբ միջոցով։ Ադրբեջանի հարցերով փորձագետ Մարիամ Ղուկասյանն ասում է՝ դեռ ամիսներ առաջ Թալիշի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց հայկական հետքն է վերացվել, իսկ Հադրութի Սպիտակ խաչ եկեղեցուց էլ` խաչը. «Այս ամեն ինչը փաստում է, որ Ադրբեջանն ունի նպատակային քաղաքականություն` համակարգված ձևով ոչնչացնել Արցախի բռնազավթված տարածքներում հայկական մշակութային հետքերը»:
Պաշտոնական տվյալներով` 2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր:
Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային հուշարձանների վնասման ու քանդման մասին, ադրբեջանական կողմն էլ հայերին է մեղադրում վանդալիզմի համար։